ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը՝ հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքներով պայմանավորված հիվանդությունների աճի վերաբերյալ, շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին:
Առաջարկվում է համապատասխան հանձնարարական տալ մարզերի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ուսումնական պարապմունքների ավարտից 15 օր առաջ (մայիսին) բացակայությունների հաշվարկի մեջ չներառել 2020 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ը (6-օրյայի դեպքում մինչև փետրվարի 15-ը) ընկած ժամանակահատվածում սովորողների բացակայությունները:
«Փետրվարի 17-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում սովորողների բացակայությունները համարել «հարգելի», վերջինիս մասին բժշկական կազմակերպության (արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային) տրամադրած բժշկական փաստաթղթի ներկայացման դեպքում»,- նշված է նամակում, որի մասին տեղեկացվել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները։
Նախարարի շրջաբերականում միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտ է բացակայող սովորողների համար կազմակերպել լրացուցիչ պարապմունքներ` բաց թողնված ուսումնական նյութը լրացնելու համար: