Արսեն Հարությունյանը (61 կգ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Երրորդ տեղի համար գոտեմարտում Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ:
Եվրոպայի նախորդ առաջնության չեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին: Քառորդ եզրափակչում Հարությունյանը 7:0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում համառ պայքարում զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոգոմոևին՝ 6:7
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները Եվրոպայի առաջնությունում մեդալ չեն նվաճել: Ավելի վաղ ելույթ են ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները, որոնք նվաճել են 4 մեդալ՝ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Գևորգ Ղարիբյանը (60 կգ) դարձել են չեմպիոն, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)՝ բրոնզե մեդալակիր: