Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գերմաներենի դասավանդումը ողջ աշխարհում խթանելու և արտերկրում գերմաներենի բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (ՄՓԾ/PAD) կողմից: Այս տարի մրցանակային ծրագրին հնարավորություն կունենա մասնակցել 90 երկրի մոտ 450 աշակերտ: Հայաստանին նախնական տվյալներով կհատկացվի երեք տեղ:

Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջներին, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.

  • Մեկնելիս աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
  • առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով,
  • ունենա գերմաներենի իմացության առնվազն B1 մակարդակ,
  • ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
  • չլինի ավարտական դասարանում:

Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, որոնք մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո են վերադարձել հայրենիք, կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ներկայացնեն Հայաստանում առնվազն երեք տարվա հիմնական բնակությունը հաստատող փաստաթուղթ:

Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 06.08.2020թ. - 07.09.2020թ.:

Դեսպանությունը գիտակցում է, որ նշված ժամանակահատվածը համընկնում է ուսումնական տարվա հետ: Այդուհանդերձ Գերմանիայի երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհուրդը խնդրել է խստորեն պահպանել կացության ժամանակահատվածը և մրցույթում հաղթած աշակերտներին վերոնշյալ ժամանակահատվածում ազատել դասերից:

Կից ներկայացնում ենք մասնակցային նախապայմանների վերաբերյալ մանրամասն շարադրված տեղեկատվաթերթիկը (գերմաներեն և անգլերեն): Մասնակցային նախապայմանների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել Գերմանիայի դեսպանության կայքէջից. www.eriwan.diplo.de: Հավակնորդներն ամենաուշը մինչև 2020թ. մարտի 1-ը դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.

  • էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ,
  • անձնագրի լուսանկար
  • ծնողների կողմից լրացված համաձայնություն
  • անձնագրի պատճեն (անձնագրի առկայության դեպքում)
  • դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի, սոցիալական շփման ունակությունների և ակտիվության վերաբերյալ:

Տեղեկատվաթերթիկում առկա առողջության վկայականը, ինչպես անցյալ տարիներին, այնպես էլ այս տարի կպահանջվի բանավոր քննությունից հետո՝ միայն ընտրված մասնակիցներից:

Համաձայն ՄՓԾ տեղեկատվաթերթիկի՝ հայտաթղթերը դեսպանություն պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 6MB): Այդուհանդերձ՝ հայտերի ընդունման ընթացակարգը դյուրացնելու նպատակով դեսպանությունը փաստաթղթերը կընդունի նաև թղթային տարբերակով: Աշակերտները կարող են փաստաթղթերը ներկայացնել էլ.փոստով՝ ku-10@eriw.diplo.de հասցեին, կամ թղթային տարբերակով հանձնել դեսպանություն: Թերի կամ ուշ ներկայացված դիմումները չեն կարող քննության առնվել: