ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ փետրվարի 8-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚ օպերա‚ սիմֆոնիկ պոեմներ‚ սյուիտներ և այլն‚ բազմիցս հնչել են թե՜ Հայաստանում‚ թե՜ նրա սահմաններից դուրս։ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը համարվում է փողային այս գործիքի համար երբևէ գրված լավագույն կոնցերտներից մեկը։ Այն ներառված է աշխարհի լավագույն շեփորահարների երկացանկում։ «Նյու Յորք թայմսը» այս կոնցերտը անվանել է հնչեղ ստեղծագործություն։
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում անցկացվելիք երեք սիմֆոնիկ և մեկ կամերային համերգների ընթացքում կհնչեն ինչպես Ալեքսանդր Հարությունյանի‚ այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Փետրվարի 8-ին, փառատոնի բացման երեկոյին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ կատարել են Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ գործերը՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը և Կանտատ հայրենիքի մասին ստեղծագործությունը։
Փետրվարի 12-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունները։
Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի համար‚ Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը (մենակատար՝ Ռոման Սիմովիչ‚ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր)‚ Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան)‚ ինչպես նաև՝ Տոնական նախերգանքը։
Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի փակման համերգը. կներկայացվեն ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ Էդգար Հովհաննիսյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Երվանդ Երկանյանի‚ Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունները։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հիմնական առաքելությունը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հանրահռչակելն է: Անցած տարիներին փառատոնի շրջանակում կատարվել է նաև ծավալուն երաժշտագիտական աշխատանք. թվայնացվել են մի քանի տասնյակ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են հարյուրավոր ստեղծագործություններ, առաջին անգամ կատարվել են հայ կոմպոզիտորների 150-ից ավելի գործեր: Այս տարվա փառատոնի ընթացքում թվայնացվելու են Ալեքսանդր Հարությունյանի, ինչպես նաև հայ այլ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ հնարավորություն ընձեռելով հնչեցնել դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։