Առաջիկայում Ազգային ժողովում կկայանան բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքների փոփոխություններին նվիրված լսումներ: Դրանց ընդառաջ Մեդիամաքսը զրուցել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

- Սկսենք ամենապարզ հարցից։ Ինչու՞ են փոփոխվում բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքները։

- Երբ 2004 թվականին ընդունվեց այսօրվա գործող օրենքը, այն շատ արագ հնացավ, քանի որ 2005 թ. Հայաստանը դարձավ Բոլոնիայի գործընթացի անդամ եւ անդամակցած այլ երկրների հետ ստանձնեց եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ձեւավորման համատեղ պատասխանատվությունը:

Կառուցվածքային փոփոխությունների իրականացման պայմաններում պարզ դարձավ, որ գործող օրենքի դրույթները որոշ դեպքերում խոչընդոտում են այդ փոփոխությունների ոչ միայն կառուցվածքային, այլեւ բովանդակային համարժեքությունը: Մի շարք ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում 2015 թվականից սկսվեցին թե՛ բարձրագույն կրթության, թե՛ գիտության ոլորտները կարգավորող օրենքները փոփոխելու աշխատանքները։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» միասնական օրենքի նախագծի ներկայացումն այդ գործընթացների տրամաբանական շարունակությունն է։ Ուսումնասիրելով ու քննարկելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների ու նորարարությունների ոլորտում, որոշում կայացրեցինք ներկայացնել մի օրենք, որը կարգավորում է թե՛ գիտության, թե՛ բարձրագույն կրթության ոլորտները եւ երկու ուղղությունների զարգացման միասնական էկոհամակարգ է ձեւավորում։


- «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ առաջացած աղմուկի մեջ կարծես թե կորավ հիմնական համակարգային փոփոխությունների վերաբերյալ դիսկուրսը։ Վերջիվերջո ի՞նչ է փոխվելու, երբ այս նախագիծն ընդունվի։


- Համակարգային փոփոխությունները շատ են, գնում ենք ոչ թե կոսմետիկ վերափոխումների, այլ ոլորտների իրավակազմակերպման նոր տրամաբանության ստեղծելու ճանապարհով։ Փորձեմ հնարավորինս պարզ լեզվով ներկայացնել դրանք:

Փոփոխվելու է բուհերի ֆինանսավորման տրամաբանությունը։ Այժմ բուհերի ֆինանսավորման 80%-ից ավելին գոյանում է ուսանողների վարձավճարներից, ինչը որակյալ կրթության կազմակերպման եւ բուհերի զարգացման տեսանկյունից լուրջ դժվարություններ է առաջացնում։ Այս նախագծով բուհերը ստանալու են ֆինանսավորում ենթակառուցվածքների զարգացման համար, ինչն ավելի արդյունավետ կրթական միջավայր ձեւավորելու երաշխիք կարող է դառնալ։


Փոփոխվելու է բուհական ընդունելության համակարգը։ Այժմ պետությունն իր ֆինանսավորմամբ տեղեր է հատկացնում այս կամ այն բուհին այս կամ այն մասնագիտության համար։ Նախագծով պետությունը գումարը հատկացնելու է ոչ թե հաստատություններին, այլ մասնագիտական ոլորտներին, օրինակ՝ պատմություն, ֆիզիկա, մաթեմատիկա, իրավագիտություն: Այսպիսով, ուսանողը կդիմի է որեւէ մասնագիտական ոլորտով կրթություն ստանալու համար եւ պետական ֆինանսավորման հավակնելու միավորների համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում ինքը կկարողանա ընտրել այն բուհը, որտեղ ցանկանում է ուսումնառել։ Արդյունքում՝ բուհերն ավելի գրավիչ ու մրցունակ կդարձնեն իրենց կրթական ծրագրերն ավելի շատ ուսանողներ ներգրավելու նպատակով։ Մյուս կողմից, բուհերն ազատ են լինելու, բացի պետության կողմից սահմանված մուտքային քննություններից, սահմանելու լրացուցիչ պահանջներ, որպեսզի ապահովեն ուսանողական համակազմի իրենց համար ցանկալի մակարդակը։


Փոփոխվում է բուհի ներսում կրթական ծրագրի կազմավորման տրամաբանությունը։ Երբ ուսանողն ընդունվում է բուհ, նրան առաջարկվում է կրթական ծրագրի պարտադիր հատվածը, իսկ մյուս մասը նա, իր անհատական ուսումնական հետագիծը ստեղծելու նպատակով, որոշակի մասնագիտական խորհրդատվությամբ կարող է ձեւավորել ինքնուրույն։ Օրենսդրական միջավայրը թույլ է տալու ստեղծել մի համակարգ, որտեղ ուսանողը իրեն հետաքրքրող առարկաներ ու մոդուլներ կարող է ընտրել ոչ միայն իր, այլեւ մյուս, այդ թվում՝ օտարերկրյա բուհերից։


Ներդնում ենք լրիվ եւ մասնակի բեռնվածությամբ կրթական համակարգը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի հատկապես աշխատող ուսանողների համար, ինչպես նաեւ կապահովի ուսանողի ազատությունը ինքնուրույն որոշելու իր ուսումնառության արագությունն ու ծրագիրն ավարտելու ժամկետը։


Ընդլայնվում է բուհական ինքնավարությունը, ամրապնդվում է բուհ-հետազոտություն կապը։ Այս ամենի մասին կարելի է երկար խոսել։


- Ասացիք, որ ընդլայնվում է բուհական ինքնավարությունը։ Այս թեմայի հետ կապված երկու ծայրահեղ մոտեցում կա, մի խումբը պնդում է, որ բուհերը պատրաստ չեն ինքնավարության, մյուս խումբը պնդում է, որ օրենքի նախագծով սահմանված գործիքակազմը բավարար ինքնավարություն չի ապահովում։


- Նախ ասեմ, թե ինչ է սահմանվում բուհական ինքնավարությամբ եւ ինչու է դա անհրաժեշտ։ Բուհը մասնագետներ է պատրաստում հասարակության եւ աշխատաշուկայի համար, իսկ աշխատաշուկայի, ինչպես նաեւ լայն առումով մասնագիտական եւ ակադեմիական պահանջները բավական արագ են փոփոխվում եւ մասնագիտությունների կազմը պետական կենտրոնացված համակարգման դեպքում հաճախ չի հասցնում արձագանքել այդ փոփոխություններին, ինչի արդյունքում բուհ-աշխատաշուկա կապը թուլանում է եւ բուհերը բավարար ճկունություն չեն ունենում այդ կարգի մարտահրավերները դիմագրավելու։


Սա, իհարկե, չի նշանակում, որ պետությունը պատասխանատվությունն ամբողջությամբ պատվիրակում է․գոյություն ունի կրթության որակավորումների ազգային շրջանակ, եւ բուհերի կողմից իրականացվող կրթական ծրագրերը պետք է բավարարեն այդ շրջանակով սահմանված պահանջներին։ Բուհական ինքնավարությունն ունի, իհարկե, բազմաթիվ այլ կողմեր, սակայն սա ոլորտի բարեփոխման վրա ազդեցություն ունեցող հիմնական գործոններից է։


Մյուս կողմից, ինքնավարությունը, բնականաբար, հանգեցնում է պատասխանատվության եւ հաշվետվողականության: Հույս ունենք այս փոփոխություններով բովանդակային նոր լիցք տալ բուհերին՝ թույլ տալով նրանց ավելի նախաձեռնող լինել։


Ինչ վերաբերում է ոչ բավարար ինքնավարություն տալու մասին քննադատություններին, ապա դրանց մեծ մասը պայմանավորված է բուն հասկացության վերաբերյալ թերի պատկերացումներով, մասնավորապես, բուհերի կառավարման խորհուրդների դերակատարության մասին, բայց պետք է նշեմ, որ կոնկրետ առաջարկներ ստանալիս մենք միշտ հաշվի ենք առել դրանց հիմքում ընկած մտահոգությունները եւ շատ դեպքերում համապատասխան փոփոխություններ կատարել նախագծում։


- Կարծիքներ կան, որ օրենքի վերաբերյալ քննադատության պատճառներից մեկը որոշումների կայացման ոչ բավարար ներառականությունն է եղել։


- Օրենքի նախագիծն այժմ էլ գտնվում է հանրային քննարկումների փուլում, եւ այդ քննարկումներն ի սկզբանե նախատեսված էին մեր կողմից, սակայն ինչ տեղի ունեցավ։ Օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը նախեւառաջ ուղարկվել էր առաջնային շահառուներին՝ բուհերին եւ Գիտությունների ազգային ակադեմիային՝ դրա վերաբերյալ կարծիքներ եւ առաջարկություններ ստանալու եւ համապատասխան փոփոխություններն անելու նպատակով՝ դրանով իսկ նախաձեռնելով օրինագծի հանրայնացման առաջին՝ բուն մասնագիտական փուլը:


Սակայն հենց այդ աշխատանքային տարբերակի փուլում իսկ նախագծի որոշ կետեր սկսեցին քննարկվել սոցիալական ցանցերում, եւ բուն նախագիծը, դեռ վերջնականապես ձեւավորված չլինելով, դարձավ ավելի լայն քննարկման առարկա ու, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, այդ քննարկումները զերծ չմնացին շահարկումներից՝ ստանալով նաեւ որոշակի քաղաքական երանգավորում։


Այդպիսի հունով ընթացավ, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի հարցը, թեպետ օրենքի նախագծում նախատեսվող կարգավորումները վերաբերում են առաջին հերթին ակադեմիայի կազմում գործող ինստիտուտների ինքնակառավարման աստիճանը բարձրացնելուն։ Վստահորեն կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք բաց լինել քննարկումների ու առաջարկությունների համար, եւ դրա վկայություններից մեկն էլ հենց ԳԱԱ մեր գործընկերների հետ շարունակվող հանդիպումներն ու քննարկումներն են։


- Այժմ պատկերը կարծես թե փոխվել է, եւ քննարկումներն ավելի մասնագիտական դաշտ տեղափոխելու հնարավորություն կա, սակայն ի՞նչ եք կարծում, ո՞րն էր քննադատությունների պատճառը։


- Համակարգային բարեփոխումները միշտ էլ ցավոտ են լինում, դրանք առնչվում են բազմաթիվ շահային խմբերի, նախատեսում են տասնամյակներով արմատավորված բարքերի փոփոխություն, եւ քննադատությունը, հիմնավոր թե ոչ հիմնավոր, ուղղակի անխուսափելի է։