«Դպրոցական տարիներից հետաքրքրվել եմ սպորտով և սպորտային կրթությամբ։ Ընտրությունս կանգ առավ հենց ՀՖԿՍՊԻ-ի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բաժնի վրա, քանի որ ցանկանում էի ունենալ մասնագիտացում, որի շնորհիվ կօգնեի մարդկանց՝ հատկապես խոցելի խմբերին։ Ադապտիվ ֆիզիկական կուլտուրան նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակական կյանքին, մեծացնում է նրանց սոցիալական շփումների շրջանակը»,- իր գործի մասին պատմում է Քրիստինե Ալեքսանյանը: Նա վերջերս է վերադարձել Սեուլից, որտեղ ձեռք է բերել երկրորդ մասնագիտացում՝ սպորտի մենեջմենթ: Մեր երկրում սպորտի մենեջմենթի եզակի մասնագետներից մեկն անմիջապես անցել է հարազատ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներին իր գիտելիքներով «վարակելու» գործին։

Քրիստինեն համոզված է՝ առաջիկա տարիներին սպորտային կառավարումը Հայաստանում ավելի պահանջված մասնագիտություն է դառնալու, դրա համար բոլոր նախադրյալները կան. «Ցանկացած ոլորտի կայացման հենասյունը լավ մասնագետներն են, իսկ նրանց պետք է պատրաստեն բուհերը։ Հայաստանում սպորտային կառավարման ոլորտի կայացմանն ուղղված առաջին քայլերն արվել են 2016-2017 թթ. ուսումնական տարում, երբ ՀՖԿՍՊԻ-ում բացվեցին «Սպորտի մենեջմենթ» և «Սպորտի մարքեթինգ» ուղղություններով մագիստրոսական համապատասխան բաժիններ։ Միջազգային փորձի ներդրումը և ուսանողներին կիրառական գիտելիքներով զինելը կլինի սպորտի կառավարման ոլորտի լավագույն ուղին, չէ՞ որ այսօրվա սերունդն է կերտում վաղվա օրը»։

Մասնագիտական հոդվածներ, ուսանողական գիտաժողովներ, ակտիվ մասնակցություն բուհի գիտական խմբի գործունեությանը, սպորտի մանկավարժի մագիստրոսի աստիճան և զուգահեռ մեծ հետաքրքրություն սպորտային կառավարում մասնագիտության նկատմամբ հագեցած ուսանողական տարիներից հետո Քրիստինե Ալեքսանյանը որպես դասախոս աշխատանքի է անցնում ՀՖԿՍՊԻ-ի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնում։ Աշխատանքը սիրելի էր, բայց սպորտային մենեջմենթի նկատմամբ չմարող հետաքրքրությունը և նորը բացահայտելու անհագ ձգտումը Քրիստինեին «ստիպում են» կատարելագործվելու նոր հարթակ որոնել, և նա որոշում է դիմել Սեուլի ազգային համալսարան՝ ուսանելու սպորտային մենեջմենթ։

«Սպորտային կրթության տեսանկյունից Սեուլի համալսարանն առաջատար է Ասիայում։ Այնտեղ սովորելու մտադրությունս խրախուսեցին և՛ ընտանիքս, և՛ ավագ գործընկերներս։ Ընդունելությունը 3 փուլով էր՝ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում և անգլերենի իմացություն, համալսարանի պահանջած տեսլականի ներկայացում և տեսակապով քննություն-հարցազրույց դասախոսների հետ: Մագիստրոսի աստիճան ստանալու համար կրթությունը երկամյա է: Ընթացքում, իհարկե, եղել են դժվարություններ, ժամանակ էր հարկավոր միջավայրին և համալսարանի ռիթմին հարմարվելու համար, բայց ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է»,- պատմում է Քրիստինեն և ուրախությամբ փաստում, որ աշխարհում Հայաստանը ճանաչում են նաև մեր մարզիկների նվաճումներով. «Շատ մասնագետներ ճանաչում էին մեր մարզիկներին։ Ինձ համար մեծ պատիվ էր, երբ ասում էի՝ Հայաստանից եմ և ի պատասխան լսում էի մեր մարզիկների անունները։ Բացի այդ, քրիստոնյա կորեացիները Հայաստանը ճանաչում էին որպես քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած և հարուստ պատմություն ունեցող ազգ»։

Ուսանողական տարիներն անցյալում են, և այժմ Քրիստինեն մտածում է ապագայի նպատակներն իրականություն դարձնելու մասին: Դիտարկմանը, որ արտերկրում կրթություն ստացած երիտասարդներից շատերը չեն դիմանում դրսում կայանալու գայթակղությանը՝ Քրիստինեն աներկբա պատասխանում է «Սեուլում սովորելուս նպատակն աշխարհի փորձին ծանոթանալը և ժամանակին համահունչ հարուստ գիտելիքներով հարազատ բուհ վերադառնալն էր»։ Նա հավաստիացնում է, որ ծանոթանալով Սեուլի ազգային համալսարանի կրթական մակարդակին և տված գիտելիքներին՝ Հայաստան վերադառնալու և ստացած փորձառությունը կիսելու ցանկությունը միմիայն մեծացել է։

«Եթե ցանկանում ես նավ կառուցել, պետք չէ հավաքել մարդկանց, կիսել աշխատանքը, փնտրել գործիքներ: Անհրաժեշտ է մարդկանց վարակել անծայրածիր ծովի հանդեպ ձգտմամբ: Այնժամ նրանք անձամբ նավ կկառուցեն»,- եզրափակում է Քրիստինեն՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի հայտնի պատմվածքից մեջբերումով։

Պատրաստեց Գայանե Աբասյանը