Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող Ֆաջրի գավաթի խաղարկությունում: Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Հակոբ Մկրտչյանը հանդես է եկել նոր՝ մինչև 96 կգ քաշային կարգում և երկամարտի 345 կգ արդյունքով (155 կգ + 190 կգ) զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Հիշեցնենք՝ Հակոբ Մկրտչյանն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է դարձել 89 կգ քաշային կարգում, որը չի համարվում օլիմպիական, ինչի պատճառով էլ ծանրորդը փոխել է քաշային կարգը:

Ֆաջրի գավաթում փոքր ոսկե մեդալ է նվաճել Անդրանիկ Կարապետյանը: 81 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Անդրանիկն առաջինն է եղել 160 կգ արդյունքով, իսկ երկամարտում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը (345 կգ):

Հավելենք, որ Ֆաջրի գավաթին մասնակցում են նաև Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը, որոնք մրցահարթակ դուրս կգան այսօր: