ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Partizipation» ծրագրի ներկայացուցիչները։

Կողմերը կարևորել են կրթության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը՝ արձանագրելով արդեն իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ Նախարարի տեղակալ Ա․Անափիոսյանը ներկայացրել է Հայաստանում կրթական բարեփոխումների ընթացքն ու ժամանակացույցը։ Նա նշել է, որ Հանրակրթության պետական չափորոշիչի վերանայման գործընթացում Հայաստանի համար օգտակար կլինի գերմանական կողմի աջակցությունը, մասնավորապես, զարգացնել ուսումնական հաստատությունների հմտությունները ծրագրերի մշակման, ինչպես նաև տվյալ համայնքի կարիքներին համապատասխան նախագծեր մշակելու հարցում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև երկկողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությանը՝ համոզմունք հայտնելով, որ այն կարող է դառնալ փոխգործակցության որակապես նոր փուլի սկիզբ։ Գործընկերները վերահաստատել են «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ «Մասնակցային դպրոց» նախաձեռնության շրջանակում հմտությունների, գիտելիքների, մեթոդաբանության և փորձի փոխանակման նպատակով հայկական հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների և կրթական փորձագետները հնարավոր է կրկին այցելեն գերմանական դպրոցներ։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ուսուցիչների համար համատեղ ուղեցույց-շտեմարանի ձևավորման վերաբերյալ։ Բացի այդ, քննարկել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի, ինչպես նաև ԳԴՀ-ում հայ մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունը։