«Բժիշկ հորեղբայրս միշտ ասում էր՝ իսկական բժիշկը պետք է վիրահատի, հերթապահի ու անքուն գիշերներ անցկացնի. դա աղջկա բան չէ: Տե՛ս՝ դեղագետը ինչ էլիտար մասնագիտություն է՝ սիրուն, սպիտակ խալաթով, քո սեփական դեղատանը… Ու ես դարձա դեղագետ»,- երջանիկ ժպիտով պատմում է դեղագետ Տաթևիկ Խաչատրյանը ու ավելացնում՝ դեղագիտությունը նորարարությունների շարք է, իսկ ինքը մշտապես կատարելագործվելու ու ավելի լավը լինելու ճանապարհին է:

Տաթևիկի երազանքը բժիշկ դառնալն էր, բայց շատ արագ տարվել է դեղագիտության գաղտնիքներով, և «փոշմանած բժիշկ»-ի կարգավիճակը նույնքան արագ մոռացվել է: Նա այսօր ոլորտի հաջողակներից մեկն է, քայլ առ քայլ մոտենում է իր երազանքի իրագործմանը:
Իր աշխատանքային գործունեության մեկնարկի մասին պատմելիս Տաթևիկը հաճելի հիշողություններ է ապրում. «19 տարեկանում սկսեցի աշխատել դեղատանը: Դա իմ կյանքի, երևի թե, ամենահետաքրքիր շրջանն էր: Օրագիր էի պահում ու օրվա ամենազավեշտալի դեպքերն էի գրի առնում, իսկ դրանք շատ էին»:
Տաթևիկն այսօր արտասահմանյան ամենահայտնի արտադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչն է, նրա հիմնական գործառույթը դեղագործական մարկետինգն է։

«Դեռ վաղ հասակից մտածել եմ, որ ինչպես մասնագիտությունն է կերտում մարդուն, այնպես էլ հակառակը։ Եվ սկսած ուսանողական տարիներից, առանց հասկանալու թե ինչ է բրենդինգը, ես ենթագիտակցորեն զբաղվում էի իմ մասնագիտության բրենդինգով: Ստացվում էր այնպես, որ մասնագիտություն ընտրելու շեմին կանգնած շատ դեռահասներ, երբեմն նաև նրանց ծնողները, հավատացած էին լինում, որ «դեղագետի» մասնագիտությունը ոչ միայն շահավետ է, այլև հետաքրքիր ու մոդեռն։ Իսկ ըստ իս, դեղագիտությունը դինամիկ զարգացող ու կատարելագործվող այն միակ ոլորտն է, որտեղ մասնագետը երբեք չի հոգնում, չի լճանում ու երբեք չի հիասթափվում։ Հիմա եմ հասկանում, որ միշտ անկեղծ սիրել եմ այն, ինչ անում եմ: Երևի դա է իմ հաջողության բանաձևը».- անկեղծորեն խոստովանում է երիտասարդ դեղագետը՝ ավելացնելով, որ երբեք չպետք է մտածել, որ չի ստացվի. միշտ պետք է ունենալ գայթակղիչ պլան Բ՝ չմոռանալով ճիշտ գնահատել իրական ռիսկերը.

«Ամեն ժամ լույս աշխարհ է գալիս մի նոր մոլեկուլ, որը կարող է մեծ հեղաշրջում կատարել բժշկության մեջ ու փոխել ավանդական թվացող ամեն ինչ, որը հետո պետք է անցնի բազմաթիվ կլինիկական փորձարկումներ, օրինական ուժ ստանա ու մոտավորապես 20 տարի անց գեղեցիկ տուփով հասնի դեղատան դարակ: Ցանկացած անբուժելի թվացող հիվանդություն նոր մոլեկուլ ստեղծելու մարտահրավեր է: Դեղագիտությունն այսօր կանգնած է աշխարհի ամենալուրջ բժշկական միտումների հիմքում»,- սիրելի մասնագիտության մասին պատմում է Տաթևիկը: Վստահ է, որ ամեն ինչ դեռ առջևում է, միայն պետք է վստահել սեփական ուժերին, ունենալ մասնագիտական հայացքների կայունություն, կատարելագործել մասնագիտական որակները։

«Հենց հիմա, հենց այս պահին էլ վախ ու անհանգստություն եմ զգում ապագայի ու պլաններիս նկատմամբ, բայց դա ինձ չի խանգարում նոր նպատակներ ու երազանքներ ունենալ: Միակ բանը, որ վստահ կարող եմ իմ կոլեգաներին խորհուրդ տալ, տքնաջան աշխատանքն է, հետո միայն սեփական ռեսուրսների ճիշտ գնահատումն ու դրանք պատշաճ կերպով մատուցելը».- եզրափակում է մեր հերոսուհին:
Տաթևիկ Խաչատրյանի երկրորդ մասնագիտությունը մարդկային ռեսուրսների կառավարումն է: Ըստ նրա՝ պահանջված մասնագետ դառնալու համար մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալուց զատ հարկավոր է սիրել այն, ինչ անում ես․․․

Պատրաստեց Լալա Բադոյանը