Երիտասարդական հիմնախնդիրները ոլորտի մասնագետների ներգրավվածությամբ լուծելու և աշխատանքային խումբ ձևավորելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հունվարի 30-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում:
Քննարկմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամար Թորոսյանը, երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներ՝ հասարակական կազմակերպությունների, տարբեր գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Խնդիրները հնարավոր չէ միայնակ լուծել: Խնդիրները համատեղ լուծելով՝ կկարողանանք համակողմանի համագործակցել: Ոլորտի հետ կապված լուրջ պատկերացումներ ունենք և ուզում ենք դրանք հանձնել թղթին, ցանկացած փաստաթղթի ստեղծումը պետք է լինի մասնակցային գործընթաց: Առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հայեցակարգի և օրենքի նախագծի մշակմանը: Շատ ենք կարևորում ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը».-ասել է նախարարի խորհրդական Գ․Մամիկոնյանը:

Քննարկման ընթացքում խոսվել է ոլորտում առկա խնդիրների, կարիքների, առաջարկների ու ծրագրերի մասին: Ձևավորվելիք խումբը կզբաղվի երիտասարդական ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրների լուծմամբ՝ իրավական կարգավորումների, ծրագրերի և գործողությունների պլանի մշակման և գործընթացներում երիտասարադների ներգրավվածության միջոցով: