Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ քաշային կարգ) հունվարի 23-26-ը Թել Ավիվում մասնակցել է վարկանիշային Գրան Պրիի և նվաճել արծաթե մեդալ:

2018 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը մինչև եզրափակիչ 5 տպավորիչ հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով չեխ Յակուբ Եչմինեկի, ալբանացի Մարկո Մադալոնիի, ղազախ Սերիկ Ակիլբեկի, շվեդ Թոմի Մացիասի և իսպանացի Սալվադոր Կասես Ռոկայի նկատմամբ։ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն իտալացի Ֆաբիո Բազիլեի հետ վճռորոշ գոտեմարտին Ֆերդինանդ Կարապետյանը չի մասնակցել կիսաեզրափակչում ստացած վնասվածքի պատճառով։

Ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը նշել է, որ վնասվածքի պատճառով Կարապետյանը չի կարող մասնակցել փետրվարի 7-8-ը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարին:

Թել Ավիվի մրցաշարը վարկանիշային էր առաջիկա Օլիմպիական խաղերի համար: Ձյուդոիստները Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Վարկանիշային աղյուսակը վերջնական տեսքի կբերվի մայիսի 25-ին․ խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: