Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հունվարի 25-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի հեղինակած «Կյանքի իրավունք. Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։

Արցախյան պատերազմի հերոս Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում եղել է տարբեր ստորաբաժանումների հրամանատար և ղեկավարել թիկունքի աշխատանքները: Ռազմաճակատի այդ հատվածը պաշտպանում էր Արցախի գլխավոր հոգևոր կենտրոնը՝ Գանձասար վանքը: Հենց այս հատվածում է Արթուր Ալեքսանյանը ղեկավարել Հայաստանից ժամանած և իր հրամանատարությամբ գործող «Արծիվներ» կամավորականների ջոկատները։

Ա. Ալեքսանյանն արժանացել է Հայաստանի և Արցախի բարձրագույն ռազմական պարգևների: Պատերազմից հետո նրան հանձնարարվել է կազմավորել Հայաստանում «Կարմիր բերետներ» հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանման գլխավոր վարչությունը:

Ամարասի Արթուրի հերոսության մասին գրվել են գրքեր, ակնարկներ ու պատմություններ, նկարահանվել` ֆիլմեր: Ընկերների ու զինակիցների խնդրանքով Ալեքսանյանը գրել է իր հուշերը՝ ներկայացնելով Արցախի հերոսական ժողովրդի՝ հանուն ինքնորոշման և մայր Հայաստանին վերամիավորվելու Ղարաբաղյան շարժման մի շարք դրվագներ, պատերազմական իրադարձությունների մանրամասներ: