Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվել են երրորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը, որոնց մասնակցել է 79 երկրի 1800-ից ավելի մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունեցել է մեկ ներկայացուցիչ՝ 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը:

1,5 կմ արագավազքում Սպարտակ Ոսկանյանը 86 մասնակիցների պայքարում 4:14.23 արդյունքով զբաղեցրել է 78-րդ տեղը և չի հաղթահարել որակավորման փուլը: 10 կմ դասական ոճի դահուկավազքում Ոսկանյանը 79 մասնակիցների պայքարում գրանցել է 68-րդ արդյունքը (33:26.5):

Հունվարի 22-ին տեղի է ունեցել խաղերի փակման պաշտոնական արարողությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, դիմելով պատանի մարզիկներին, կոչ է արել հավատարիմ մնալ օլիմպիական գաղափարներին. «Դուք՝ պատանի մարզիկներդ, օլիմպիական ոգու լավագույն դեսպաններն եք: Այս երկու շաբաթվա ընթացքում ձեզ հաջողվեց մտնել մի մեծ սպորտային ընտանիք: Հավատարիմ մնացեք օլիմպիական գաղափարներին ձեր կարիերայի ամբողջ ընթացքում»,- ասել է ՄՕԿ-ի նախագահը: