Դեկտեմբերի 10-ից ձյուդոյի Հայաստանի պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: 16-ամյա Սերժ Ղուկասյանը, ով ձյուդոյում իր առաջին քայլերը կատարել է 10 տարի առաջ, այս տարվանից է սկսել մասնակցել մեծահասակների հետ համատեղ հավաքների և համոզված է՝ դրանք շատ կարևոր են մարզաձևում լուրջ հաջողություններ գրանցելու տեսանկյունից.

«Մեծահասակների հավաքականի հետ համատեղ հավաքներ անցկացնելը շատ օգտակար է, քանի որ քեզանից մեծերի և ավելի բարձր քաշային կարգերի ձյուդոիստների հետ մրցելով՝ փորձ ես ձեռք բերում և հետո ավելի հեշտ է լինում պայքարել արդեն քո քաշային կարգում»,- ասում է պատանի ձյուդոիստը և հավելում՝ 2020 թվականին չեմպիոն դառնալու նպատակով մասնակցելու է Հայաստանի առաջնությանը, ինչը հնարավորություն կտա ուժերը փորձել արդեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ տարեվերջյան եզրափակիչ հավաքի գլխավոր նպատակը ձյուդոիստների ֆիզիկական և տեխնիկական վիճակը բարելավելն է, քանի որ 2020-ն արդեն հունվարից հագեցած է լինելու մրցաշարերով և միջազգային հավաքներով.

«Հավաքին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստները: Աշխատում ենք իրենց մոտ առկա թերացումները շտկել, որպեսզի լիարժեք պատրաստ լինեն ծանրաբեռնված 2020-ին: Անելիքները շատ են: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, խոստումներ տալ, սակայն հավաքականը մարզում եմ նպատակ ունենալով իմ անցած ճանապարհը, ստացած գիտելիքները և փորձը փոխանցել երիտասարդներին և հասնել բարձր արդյունքների»,- ասում է Հ. Դավթյանը, ով վերջերս է սկսել մարզել հավաքականը:

Հովհաննես Դավթյանի կարծիքով՝ Հայաստանում ձյուդոյի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է, ինչը ոգևորեցնող և պարտավորեցնող է.

«Ցանկացած մարզաձևի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը պայմանավորված է արդյունքներով: Ճիշտ է՝ ձյուդոյում արդյունքները դեռևս համեստ են, սակայն ինքս նկատում եմ հետաքրքրության բարձրացում: 2019-ին պատանի ձյուդոիստները հաջող հադես եկան Եվրոպայի առաջնությունում, ունեցանք Եվրոպայի գավաթի մրցանակակիրներ, երիտասարդներն էլ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում զբաղեցրին 5-րդ և 7-րդ տեղերը: Չէի ասի, թե արդյունքները շատ գոհացնող են, սակայն կատարված աշխատանքն արդեն երևում է, և մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեդալին, ինչը ոգևորիչ է: Կարելի է ասել, որ այս տարվա ընթացքում հավաքականները լավ մարզավիճակի են հասել և որոշակի հիմք է դրվել հետագա զարգացման համար: 2020 թվականին տղաները պայքարի դուրս կգան ավելի մեծ ոգևորությամբ և հավատով, քանի որ իրենք էլ տեսնում են, որ մոտենում են մեդալին»,- ասում է մարզիչը:

Ձյուդոիստների ձմեռային հանգիստը շատ կարճ կտևի՝ հունվարի 6-15-ը մեծահասակներն ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ավստրիայում: Նախատեսվում են նաև համատեղ հավաքներ Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հետ: