ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

SMS քվեարկությունն անցկացվել է դեկտեմբերի 12-25-ը: Դեկտեմբերի 25-ին կայացել է նաև ֆեդերացիաների ներկայացուցիչների և լրագրողների քվեարկությունը, ինչից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է լավագույնների անունները:

Տարվա տասը լավագույն մարզիկներն են՝ Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ), Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ), Ավետիսյան Արթուր (սպորտային մարմնամարզություն), Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ), Գալստյան Սլավիկ (հունահռոմեական ըմբշամարտ), Կիրակոսյան Տիգրան (սամբո), Հարությունյան Արսեն (ազատ ոճի ըմբշամարտ), Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ), Մինասյան Գոռ (ծանրամարտ), Մկրտչյան Հակոբ (ծանրամարտ):

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով մարզիկներին, նշել է, որ նախատեսվում է ևս մեկ հանդիպում. «Հունվարին կազմակերպելու ենք գեղեցիկ և անակնկալներով լի միջոցառում: Մինչ այդ մարզիկներին հրավիրելու եմ դեկտեմբերի 31-ին կայանալիք Ամանորի հանդիսավոր երեկոյին»,- ասել է նախարար Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով մրցույթի անցկացման կարգին՝ նախարար Արայիկ Հարությունյանը չի բացառել, որ այն կարող է փոփոխությունների ենթարկվել. «Ծանոթ եմ կարգի վերաբերյալ հնչող դժգոհություններին: Հաշվի առնելով բոլոր բողոքները՝ կվերանայենք կարգն ամբողջությամբ և ոլորտի մասնագետների ու լրագրողների հետ քննարկելով՝ կընտրենք լավագույն տարբերակը»,- ասել է Ա. Հարությունյանը: