Քիմիան կյանքը հասկանալու իմ ճանապարհն է այսպես է բնութագրում երիտասարդ քիմիկոս Հովհաննես Ադոնցն իր մասնագիտությունը: «Քիմիան ուսումնասիրում է համակարգերն ու մասնագիտության կրողին տալիս է համակարգային համալիր մտածելու հնարավորություն, բոլոր կողմնակի ու հիմնական պրոցեսները հաշվի առնելու կարողություն: Կյանքն էլ համակարգ է».- բացատրում է նա:

Քսանմեկամյա երիտասարդ քիմիկոսն սովորում է Դ. Ի. Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիատեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայում և աշխատում Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտում։ Նա ճանաչվել է ԵՊՀ և ՀՀ լավագույն ուսանող։ Աշխատասիրության և մասնագիտության հանդեպ աննահանջ սիրով արդեն հասցրել է գիտելիքները խորացնել Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքի համալսարանի գիտության և ինժեներիայի ֆակուլտետում, մասնակցել մի շարք միջազգային կոնֆերանսների ինչպես կազմակերպչական աշխատանքներին, այնպես էլ հանդես գալ զեկույցներով։ Մի շարք գիտական հոդվածների համահեղինակ է։

Հովհաննեսը «Քիմիա» առարկան սիրել է դեռ 7-րդ դասարանից, իր խոսքով՝ «առաջին իսկ ծանոթությունից»։ «Ուսուցչուհիս այնպիսի ոգևորվածությամբ էր ներկայացնում առարկան ու նրա նուրբ կողմերը, որ սկսեցի ապրել քիմիայով».-պատմում է նա։ Առարկայի նկատմամբ հետաքրքրությունն աճել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում սովորելու տարիներին: Ուսումնական հաստատության նկատմամբ սերն ու գնահատանքն էլ մղել են հետագայում դասավանդելու հարազատ ճեմարանում:

«Որոշել էի բժիշկ դառնալ, սակայն, քիմիայի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունն ինձ տարան ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ, որտեղ սովորելու տարիները շատ հագեցած ու անչափ հետաքրքիր են եղել: Ուսումնառությանս զուգահեռ ակտիվ մասնակցում էի գիտական աշխատանքների՝ սկզբում ֆակուլտետում, հետո ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում, իսկ հետագայում Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնում։ Ճեմարանում աշխատել եմ որպես Քիմիայի և կենսաբանության լաբորատորիայի վարիչ, ինչպես նաև օտար լեզուներով քիմիայի անհատական դասընթացների ուսուցիչ».-պատմում է Հովհաննես Ադոնցը:

Ռուսաստանի հեղինակավոր հաստատություններում այսօր սովորող ու աշխատող Հովհաննեսի ապագա ծրագրերը կապված են հայրենիքի հետ «Ճիշտ է, արտերկրում մեծ են հնարավորությունները, բայց Հայաստանի հետ կապված նպատակներս միշտ մնայուն են ու առաջնային, և հուսով եմ, որ դրանք շատ շուտով ինձ կվերադարձնեն հայրենիք»,-ասում է Հովհաննեսը։

Դ. Ի. Մենդելեևի անվան Ռուսաստանի քիմիատեխնոլոգիական համալսարանից մինչև՝ «հասցեն Հայաստան, 0037, Երևան, Ազատության պողոտա, 2ա շենք» ճանապարհը Ադոնցի համար նշանավորվում է հայոց բանակում ծառայելու գաղափարով։ Երիտասարդ գիտնականը շուտով կվերադառնա և կներկայանա նշյալ հասցեում գտնվող զինկոմիսարիատ՝ որպես զորակոչիկ։ Հովհաննեսը ոգևորությամբ նշում է, որ ինքը առանձնահատուկ սեր ունի նաև զինվորական կյանքի նկատմամբ: «Լրացուցիչ կրթության ծրագրով եմ դիմելու. ուզում եմ 1 տարի սպայական կրթություն ստանալ, 2 տարի կծառայեմ որպես լեյտենանտ: Ապագան ինձ համար դեռ այս տեսլականն ունի».-եզրափակում է երիտասարդը:

Պատրաստեց Լալա Բադոյանը