ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 330 ուսումնական հաստատության (դպրոց, արհեստագործական ուսումնարան և քոլեջ) և 56 մարզական կառույցի տրամադրել է նոր մարզագույք. բաշխման գործընթացն արդեն ավարտված է:

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի 1138-Ն որոշմամբ, հանրակրթական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզագույքով ապահովելու նպատակով 2019 թ պետական բյուջեի հարկային եկամուտներից ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 523 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով):

Մարզագույքի ապահովման պետական ծրագրում ընդգրկված 330 հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ստացել է «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման համար առաջին անհրաժեշտության 6 անուն մարզագույք` մարմնամարզական պատ, պտտաձող, կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ և բարձրացատկի կանգնակ-ձող: 56 մարզական հաստատություն ստացել է 96 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք` ելնելով կարիքներից:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում մարզագույքի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ: Փաստացի` կառավարության վերոհիշյալ որոշմամբ իրագործվել է մարզագույքի ապահովման ավելի մեծ ծավալ, քան նախորդ 7 տարիներին: