Հայ դահուկորդները երկու մեդալ են նվաճել Սերբիայի Զլատիբոր քաղաքում կայացած զարգացող երկրների գավաթի խաղարկությունում:

Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի անդամ Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում 27 րոպե 18.8 վայրկյան արդյունքով, 78.98 վարկանիշային միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ընդամենը 1.4 վայրկյան զիջելով Լիտվան ներկայացնող Տաուտվիդաս Ստրոլիային: Մյասնիկ Ղարիբյանը 29 րոպե 02.6 վայրկյան արդյունքով, 129.70 վարկանիշային միավորով գրանցել է 9-րդ արդյունքը:

Հայաստանի դահուկավազքի առաջնությունների բացարձակ հաղթող Կատյա Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանանց 5 կմ ազատ ոճի մրցատարածությունում գրանցելով 15 րոպե 42.2 վայրկյան արդյունք, 100.71 վարկանիշային միավոր։