1. Ի՞նչ են գրքի միջազգային ցուցահանդեսները և ո՞րն է դրանց նպատակը

Գրքի միջազգային ցուցահանդեսները հարթակ են հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների, գրողների, նկարազարդողների, ձևավորողների և ոլորտի այլ մասնագետների համար: Ցուցահանդեսներում հայկական տաղավարները հնարավորություն են տալիս հայաստանյան հրատարակչություններին և գրական գործակալներին գնելու և վաճառելու գրողների աշխատանքների թարգմանության և օգտագործման գույքային իրավունքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գրատարածման, հայ գրականությունն արտերկրում ճանաչելի դարձնելու քաղաքականությունը, որն իրականացվում է նաև գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին մեր երկրի մասնակցությամբ, միտված է խթանելու գրողների ստեղծագործական ներուժի դրսևորումը, գրական դաշտի օղակների հավասարաչափ զարգացումը, գրական-մշակութային ժառանգության պահպանումը, տարածումը և հանարհռչակումը, ոլորտում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանը 2020 թվականին առանձին տաղավարով մասնակցելու է Լոնդոնի (մարտի 10-12), Լայպցիգի (մարտի 12-15), Բոլոնիայի (մարտի 30-ապրիլի 2), Մոսկվայի (սեպտեմբերի 2-6), Ֆրանկֆուրտի (հոկտեմբերի 14-18) գրքի միջազգային ցուցահանդեսներին, որոնց ընթացքում նախատեսվում են միջոցառումներ (բացառությամբ Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսի):

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցահանդես-տոնավաճառների ժամանակ արտասահմանյան հրատարակչություններին է ներկայացնում նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք պատրաստակամ են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Նշված ծրագրով 2019 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 16 գրքի հրատարակման հայտ՝ 12 լեզվով:

  1. Ի՞նչ է ակնկալվում այս մրցույթից

Հայաստանի տաղավարում տարվող աշխատանքներից բացի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի շահառուների (գրող, թարգմանիչ, գրաքննադատ, նկարազարդող, ձևավորող, և այլք) ներգրավմամբ կազմակերպում է նաև շնորհանդեսներ, ընթերցումներ, քննարկումներ, աշխատարաններ, բանախոսություններ ցուցահանդեսների՝ այդ նպատակով առանձնացված սրահներում և դահլիճներում:

2019 թվականին նախարարությունը Լայպցիգի, Թեհրանի, Մոսկվայի և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսներում նմանօրինակ տասը միջոցառում է կազմակերպել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2020 թվականի գրքի միջազգային ցուցահանդեսներում ներկայացնելու համար ընդունում է միջոցառումների նախագծերի առաջարկներ՝ հայտեր (բացառությամբ Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսի): Լավագույն ծրագրեր ներկայացրած մասնակիցները Հայաստանի պատվիրակության հետ կմասնակցեն գրքի ցուցահանդեսներին՝ միջոցառումներն իրականացնելու։ Մասնակցի ծախսերի և ծրագրի իրականացման ամբողջական կամ մասնակի ֆինանսավորումը կհոգա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ներկայացված հայտերից լավագույններն ընտրելու է մասնագիտական հանձնաժողովը։

Հայտերը գնահատելիս որպես չափորոշիչներ հաշվի են առնվելու միջոցառման նորարարությունը, կարևորությունը, հիմնավորվածությունը, արդյունավետությունը, գրողի կամ կազմակերպության գործունությունը, մասնակցի՝ տվյալ ցուցահանդեսում հաղորդակցման լեզվի իմացությունը։

  1. Ովքե՞ր կարող են դիմել

Հայտեր կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք՝ ստեղծագործողները, կամ շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ծավալում են համապատասխան ոլորտային գործունեություն (գրական-մշակութային):

Հայտ չեն կարող ներկայացնել այն քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն կարող բացակայել երկրից կամ տվյալ երկիր մուտք գործելու արգելք ունեն։

  1. Ի՞նչ է անհրաժեշտ ծրագրին դիմելու համար

Անհրաժեշտ է grakandramashnorh@gmail.com էլ. հասցեին ուղարկել.

  1. Հայտաձևը
  2. Մոտիվացիոն նամակ (մանրամասն հիմնավորել ծրագրի նորարարությունը, կարևորությունը, ընտրված թեմայի և նյութի առնչությունը ժամանակակից գրական գործընթացներին և միտումներին, միջոցառման ձևաչափի ընտրությունը)
  3. Ինքնակենսագրություն (ֆիզիկական անձինք) կամ տեղեկատվություն գործունեության մասին (կազմակերպությունները)
  4. Մասնակցի (մասնակիցների) անձնագր(եր)ի լուսապատճեն(ներ)ը։
  5. Լեզուների իմացությունը հավաստող փաստաթղերը (առկայության դեպքում)։

Այլ պայմաններ

Հայտը և դրան կցվող փաթեթը պետք է լինեն հայերեն: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտատուից կարող է պահանջել նաև այլ փաստաթղթեր, նյութեր։ Թերի կամ կեղծ տեղեկություններ պարունակող հայտերը չեն դիտարկվի։

  1. Ժամանակացույց

Մրցույթի մեկնարկ` 10. 01. 2020:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ`

  • Լոնդոնի (մարտի 10-12) ցուցահանդեսի համար՝ 17. 01. 2020
  • Բոլոնիայի (մարտի 30-ապրիլի 2) ցուցահանդեսի համար՝ 17. 01. 2020
  • Մոսկվայի (սեպտեմբերի 2-6) ցուցահանդեսի համար՝ 16. 02. 2020
  • Ֆրանկֆուրտի (հոկտեմբերի 14-18) ցուցահանդեսի համար՝ 01. 03. 2020

Մրցույթի արդյունքների հայտարարում`

  • Լոնդոնի (մարտի 10-12) ցուցահանդեսի համար՝ 22. 01. 2020
  • Բոլոնիայի (մարտի 30-ապրիլի 2) ցուցահանդեսի համար՝ 22. 01. 2020
  • Մոսկվայի (սեպտեմբերի 2-6) ցուցահանդեսի համար՝ 08. 03. 2020
  • Ֆրանկֆուրտի (հոկտեմբերի 14-18) ցուցահանդեսի համար՝ 31. 03. 2020

Հետադարձ կապ

Հայտաձևի լրացման, փաթեթի պատրաստման և մրցույթին առնչվող այլ հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով 011 52 39 38:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն: