Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 2020 թվականի 1-ին մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի ներդրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

Մրցույթն անցկացվում է 9 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

Տեսարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)

◆ Երաժշտարվեստի և պարարվեստի ոլորտների նախագծեր և միջոցառումներ

◆ Կինոարվեստի ոլորտի միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)

◆ Թատերարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ

◆ Մշակութային կրթության նախագծեր և միջոցառումներ

◆Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ

◆ Թանգարանային և գրադարանային ոլորտների նախագծեր և միջոցառումներ

◆Գրականության հանրահռչակմանն ուղված նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)

Այլ մշակութային նախագծեր և միջոցառումներ (համապատասխան անվանակարգի բացակայության կամ մեկից ավելի անվանակարգերի համադրման դեպքում)

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացմանը, մշակութային ժառանգության, արևմտահայերենի պահպանության և հանրայնացման, Հայաստան – Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական և հեռանկարային նախագծեր:

Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի* համապատասխան: *Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:

Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված և երկարատև արդյունավետություն ապահովող ծրագրերին։

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),

Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),

Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,

Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,

Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,

Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20 MB)՝ և ընդունվում է մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:

ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

1-5-ՐԴ և 9-ՐԴ ԱՆՎԱՆԱԿԱՐԳ

Մրցույթի մեկնարկ 18.12.2019

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 17.01.2020

Մրցույթի արդյունքների հայտարարում 27.02.2020

6-8-ՐԴ ԱՆՎԱՆԱԿԱՐԳ

Մրցույթի մեկնարկ 18.12.2019

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 13.01.2020

Մրցույթի արդյունքների հայտարարում 30.01.2020

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես` բացառությամբ գիշերային ակումբների, խաղատների և բուքմեկերական ընկերությունների։

Հայաստանյան և միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը և աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։