Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ կտրամադրվեն նաև դասավանդման և ուսումնառության համապատասխան ռեսուրսներ: Նպատակն է կոդավորման արտաժամյա դասընթացների միջոցով զարգացնել աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը կարևորել է տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում, ու ուսուցիչների համապատասխան վերապատրաստումը դասապրոցեսն առավել ինտերակտիվ ու ժամանակակակից մեթոդներով վարելու համար, քանի որ նման արտաժամյա դասընթացների միջոցով հնարավոր կլինի զարգացնել ավագ դպրոցների աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները, քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:
«Քանի որ ծրագիրը առաջինն է, մենք ակնկալում ենք, որ սարքի ներդրումը մեծ խթան կհանդիսանա կոդավարման միջոցով զարգացնելու միջազգային համագործակցությունը հայ դպրոցականների և տարբեր երկրներից իրենց հասակակիցների միջև կապը», - նշել է Արևիկ Անափիոսյանը:
«Կոդավորումը ծրագրավորման հիմքն է, մի մասնագիտություն, որն այսօր մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում: Այն կարող է լավ աշխատանք և եկամուտ ապահովել ու օգտակար է նույնիսկ այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց համար: Ուստի մենք շատ ուրախ ենք մեր կորպորատիվ պատասխանատվության շրջանակում համագործակցել Բրիտանական խորհրդի հետ և հայ երիտասարդներին այս հիանալի մեթոդով տալ այս շատ արժեքավոր ու կարևոր գիտելիքները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշել է. «Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է, և այն պահանջվում է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Այն կխթանի աշակերտների քննադատական ու վերլուծական մտածողությունը` գտնելու նորարարական լուծումներ արդի խնդիրներին։ Նախաձեռնությունը կարևոր է, քանի որ այն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին, այդ թվում՝ դպրոցական ծրագրում տեխնոլոգիաների ներդրման առումով»:

Պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ավագ դպրոցներից 300 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցել կոդավորման արտալսարանային ներածական դասընթացների, իսկ շահառու դպրոցների ՏՀՏ ուսուցիչներին մինչ դասընթացների մեկնարկը, կառաջարկվեն micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ:

Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Նախագծի գործողության ժամկետն է 2020 թ-ի հունվարից մինչև մայիս: