Դեկտեմբերի 12-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ընդունել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ-Հայաստան) ղեկավար Գագիկ Գյուրջյանին, կոմիտեի աշխատակիցներին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսներին:
Կողմերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտի խնդիրների կարևորումը և այդ ոլորտում նախատեսվող համակարգային փոփոխությունները՝ նոր կառավարման մարմին ստեղծելու նպատակով:
«Այս հուշագրով ևս մեկ անգամ կամրապնդվի մեր սերտ հարաբերությունները՝ հանուն մեր մշակութային ժառանգության պահպանման: Այն մեզ ավելի պարտավորեցնող կդարձնի՝ ոլորտի խնդիրները առաջնահերթ լուծելու նպատակով»,-ասել է նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Ստորագրվող փաստաթուղթը նպատակ ունի սերտ համագործակցություն իրականացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային ժառանգության ոլորտի և ԻԿՕՄՕՍ-Հայաստանի միջև, որը, լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատու մարմին հանդիսացող միջազգային ԻԿՕՄՕՍ-ի տեղական ազգային կոմիտեն, իր մասնագիտական և իրավական հնարավորությունները, միջազգային փորձն ու ոլորտի նորարարական մեթոդները կներդնի նախատեսվող մշակութային ժառանգության կառավարման նոր համակարգի կայացման և հետագա գործունեության ընթացքում, կնպաստի մշակութային ժառանգության նյութական և ոչ նյութական կապի սերտացմանը միջազգային այնպիսի կառույցների հետ, ինչպիսին է ԻԿԿՌՕՄ-ը՝ Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրության միջազգային կենտրոնը: Սույն հուշագրով հնարավորություն կստեղծվի ԻԿՕՄՕՍ-Հայաստանի անդամներին ներգրավել հանրապետության մշակութային ժառանգության խնդիրներով զբաղվող հանձնաժողովներում և խորհուրդներում՝ նրանց մասնագիտական նպաստը բերելով վերջիններիս գործունեությանը, անհրաժեշտության դեպքում, հուշարձանների վերականգնման և ամրակայման բարդ գործընթացներում դիմելու միջազգային փորձագետների օգնությանը: Հուշագիրը ներառում է նաև ոլորտը կարգավորող նոր օրենքների ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկը նոր հուշարձաններով համալրելու և մի շարք այլ դրույթներ: