Դեկտեմբերի 5-9-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է արտիստիկ լողի միջազգային մրցաշար, որին մասնակցել է 19 երկրի շուրջ 320 ներկայացուցիչ: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Մերի Մարտոյանը, Ամալյա Բարիկյանը և Անի Բարիկյանը, ովքեր մրցանակային տեղեր էին զբաղեցրել նոյեմբերին կայացած Հայաստանի առաջնությունում:
Ամալյա Բարիկյանը պարտադիր ծրագրում 193 մասնակիցների մեջ գրանցել է 115-րդ արդյունքը, իսկ Անի Բարիկյանը զբաղեցրել է 171-րդ հորիզոնականը: Մենալողում Ամալյա Բարիկյանը զբաղեցրել է 22-րդ տեղը, Անի Բարիկյանը՝ 29-րդ (31 մասնակից): Մերի Մարտոյանը հանդես է եկել տեխնիկական ծրագրում և զբաղեցրել է 13-րդ տեղը (17 մասնակից):
Արտիստիկ լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը նշել է, որ գոհ է մեր ներկայացուցիչների ելույթներից.
«Պրահայի մրցաշարին մասնակցում էին Եվրոպայի ուժեղագույն մարզուհիները: Մեր ներկայացուցիչների ելույթներից գոհ եմ, արդյունքներից՝ ոչ: Սա նրանց համար մեծ փորձ էր: Անի Բարիկյանը 12 տարեկան է, բայց առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցաշարի և հանդես է եկել 13-15 տարեկանների խմբում: Մերի Մարտոյանն էլ մրցել է մեծահասակների խմբում: Նրա համար այս մրցաշարը կարևոր էր 2020 թվականի հունիսին կայանալիք պատանիների Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու տեսանկյունից»,- ասել է Ա. Թավրիզյանը: