ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 10-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք։ Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ընդգծել է մրցույթի կարևորությունը.

«Գաղափարները շատ կարևոր են։ Այդպիսով, նախ, ճանաչելի են դառնում հեղինակները, բացի այդ, նման գաղափարների կարիք իսկապես կա։ Մեր 1,5 տարվա փորձը ցույց է տալիս, որ երբեմն առօրեական գործընթացներում շատ գաղափարներ չենք նկատում, ուստի նմանօրինակ մրցույթները լավ հնարավորություն են»,- ասել է Ա. Հարությունյանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթի հայտերը գնահատել է փորձագիտական հանձնաժողովը, ինչի արդյունքում ընտրվել է 16 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 5-ը։

2019 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հաղթողներն ըստ անվանակարգերի․

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Ռաֆիկ Սայադյան, Դավիթ Ղարիբյան - «Before visits» նորարարական նախագիծ

Սոցիոլոգիական գիտություններ
Մհեր Մկրտչյան, Ծովինար Սարգսյան, Էլեն Բաղդասարյան, Գևորգ Ամալյան - «Ուսանողի տուն» նախագիծ

Մանկավարժական գիտություններ
Սամվել Կիրակոսյան, Արեն Ոսկանյան - «Միկրո գիտահանրամատչելի պորտալ» նախագիծ

Ճարտարապետություն
Նարեկ Պետրոսյան - «Տիեզերական հետազոտման և զարգացման կենտրոն Բյուրականում» նախագիծ

Քիմիական գիտություններ
Արմեն Հովհաննիսյան, Գասպար Քոչարյան, Զարուհի Մանուկյան - «Նոր սերնդի հեղուկ կոմպլեքսային պարարտանյութերի մշակում» նախագիծ: