ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոց) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը:

Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել․

1) հայկական սպորտը լուսաբանող առնվազն շաբաթական պարբերականությամբ վերլուծական ծրագիր/հաղորդում ունեցող, լուրերի բլոկում հայկական սպորտը լուսաբանող առանձին ծրագիր ունեցող հեռուստաընկերությունները կամ ռադիոընկերությունները
2) հայկական սպորտը լուսաբանող տպագիր լրատվամիջոցները
3)ամբողջությամբ սպորտային կամ սպորտային բաժին ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցները։

Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 18։00-ն thebest2019@edu.am էլեկտրոնային հասցեով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետք է ուղարկեն լրատվամիջոցի ղեկավարի հաստատած դիմումը՝ նշելով լրատվամիջոցի անվանումը, ԶԼՄ-ի կայքի հասցեն, լրատվամիջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրողի ազգանունը, անունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը՝ կցելով լուսանկար:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվամիջոցի հավատարմագրման համար նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած վկայականի լուսապատճենը` բնօրինակի հետ միասին։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 – 869 – 771 հեռախոսահամարով՝ Գայանե Աբասյանին: