ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագրի հաշվետու միջոցառմանը։

Ծրագրի շրջանակում կատարվել է 60 վերապատրաստող-մենթորի ընտրություն, որոնք Հայաստանի տարբեր դպրոցներում կիրականացնեն վերապատրաստում և մենթորական աջակցություն` առարկայական ուսուցիչների ներառական կրթության մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Ծրագրի փորձագետներն ու վերապատրաստող մենթորները ներկայացրել են իրենց կողմից մշակված մեթոդաբանությունն ու գործիքակազմը, ինչպես նաև պատմել նախատեսվող միջոցառումների մասին:

«Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացում» ծրագիրն իրականցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Տանյա Ռոդոչայը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը: