Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը:

Փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Փառատոնի մասնակիցների՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի, Լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցի երգչախումբի, Բերդ քաղաքի «Հույսի կամուրջ» վերականգնողական կենտրոնի և այլ հաստատությունների սաների հետ համատեղ ելույթներ են ունեցել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի, Գյումրու Գ. Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև անվանի երաժիշտներ՝ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա և Անահիտ Մխիթարյաննները, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope For Coffee» երաժշտական խումբը և այլն: Փառատոնի փակման արարողությանը մասնակցել են նաև տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչ երեխաներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, տպավորված միջոցառման ջերմ և անմիջական մթնոլորտից, ասել է. «Շատ հուզված եմ, իմ խոնարհումը բոլոր մանկավարժներին, կազմակերպիչներին, դուք մեզ հնարավորություն տվեցիք այսօր արժանի լինել այս երեխաներին: Երբ խոսում ենք ներառական կրթության, ներառական հասարակության մասին, չգիտես ինչու, խոսում ենք միայն մի կողմի մասին: Մենք բացահայտում ենք մի շատ հետաքրքիր, չքնաղ, բարդ և խորը աշխարհ, և այսօր մենք այդ աշխարհի մեջ էինք: Եվ հենց սրանով է, որ մենք մեզ զգում էինք մարդ և քաղաքակիրթ հասարակություն: Անչափ շնորհակալ եմ այսօրվա համար»:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ողջունելով մասնակիցներին, հավելել է. «Սա երեխաների համար շատ մեծ երևույթ է: Անկեղծ եմ ասում՝ նման միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս «մարդ» դառնալու»:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը փառատոնի կայացմանն աջակցելու համար՝ բոլոր մասնակիցներին հանձնելով շնորհակալագրեր:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների առջև` ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Փառատոնի կարևորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձևավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երևակայության փոխանակում երկու կողմերի համար, բացահայտել շնորհաշատ երեխաների և դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը: