Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ֆուտզալի թիմերի եզրափակիչ խաղով դեկտեմբերի 2-ին ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրապետական ուսանողական մարզական խաղերը:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հաղթանակով ավարտված հանդիպմանը հետևել և ուսանողական խաղերի մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, բուհերի ռեկտորներ:

Նախարար Արայիկ Հարությունյանը, դիմելով ուսանողներին և բուհերի ղեկավարներին, շնորհավորել է հանրապետական ուսանողական խաղերի կայացման կապակցությամբ.

«Դեռ ուսանողական ժամանակներից գիտեմ, թե թիմային պայքարի և բուհերում մթնոլորտը փոխելու տեսանկյունից որքան կարևոր են այսօրինակ միջոցառումները: Մենք պետք է զարգացնենք նմանատիպ մրցումները և ապագայում ունենանք ուսանողական լիգաներ: Կարծում եմ՝ մրցումների մասնակիցները կարճ ժամանակում հաճելի պահեր են ապրել. մենք պետք է ջանքեր գործադրենք այդ պահերն ավելացնելու և տարվա ընթացքում ավելի շատ նման մրցումներ ունենալու համար, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Երրորդ տարին անցկացվող հանրապետական ուսանողական մարզական խաղերին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 19 բուհերի և Արցախի պետական համալսարանի ուսանողները: Խաղերի եզրափակիչ մրցումներին մասնակցել է շուրջ 928 ուսանող: Ուսանողական խաղերում պայքարն ընթացել է 7 մարզաձևում` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, ուժային եռամարտ, սեղանի թենիս, հրաձգություն և հնգամարտ: Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Մրցանակակիր բուհերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով և ստացել են դրամական պարգևներ, որոնցով կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ մարզագույք: