Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:

Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք հանրապետական փուլում կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում: Արդյունքում՝ հաղթող նախագիծը կներկայացնի Հայաստանը Գիտության համաշխարհային փառատոնին։

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել 80 ավագ և հիմնական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որի ընթացքում վերջիններիս են ներկայացվել հաջողված ծրագիր մշակելու հմտությունները: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ փառատոնի նպատակն է՝ դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Այս նախագիծը գիտությունը երիտասարդացնելու մեր առաջին նախաձեռնությունն է՝ գիտությունը բերել դպրոց և աշակերտին հնարավորություն տալ զարգացնել իր համապատասխան հմտությունները, վաղ տարիքից սովորել հետազոտել ու ստեղծել նորը: Փառատոնի անցկացմամբ ոչ միայն փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, այլ նաև վեր հանելու դպրոցներում մեր ունեցած ներուժը: Բացի դա, «Քո արվեստը դպրոցում» նախագծի նմանությամբ նախարարությունը նախաձեռնել է «Գիտությունը դպրոցում» ծրագիրը, որը կմեկնարկի 2020 թվականին: Ծրագրի շրջանակում գիտնականները կայցելեն դպրոց և կներկայացնեն իրենց փորձը: Նախատեսվում է, որ աշակերտները ևս հնարավորություն կունենան այցելել գիտահետազոտական ընկերություններ և տեսնել՝ ինչպես են աշխատում գիտնականները և հասկանալ՝ արդյոք իրենց ապագան տեսնում են գիտության ոլորտում»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվել:

Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է ԱՐՓԱ հիմնարկը, որի ներկայացուցիչները ուսուցիչներին են ներկայացրել հաջողված ծրագրի մշակման հմտությունները:

Անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագրերով կմրցեն 22 բնագավառում, որոնց շարքում են՝ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան, բնապահպանական ճարտարագիտությունը, կենսաբժշկական և առողջապահական գիտությունները, համակարգերի ծրագրավորումը, կենսաինֆորմատիկան այլն: