Աբովյանի մարզաբազայում թեժ օրեր են. պատանի ծանրորդները պատրաստվում են դեկտեմբերի 6-14-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզումները հագեցած են, տրամադրվածությունը՝ մարտական:
Ծանրամարտի պատանիների այս տարվա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գարիկ Կարապետյանը 8 տարեկանից զբաղվում է ծանրամարտով. սկզբում չի սիրել մարզաձևը, սակայն տարիների հետ ընկերացել է ծանրաձողի հետ, իսկ այսօր նպատակը չեմպիոն դառնալն է։ «Մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ շատ լավ մարզումներ ենք անցկացնում: Բոլորս տքնաջան պարապում ենք լավ արդյունքների հասնելու համար: Առաջիկա նպատա՞կս. չեմպիոնություն Եվրոպայի առաջնությունում»,- ասում է պատանի ծանրորդը:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Ղահրամանյանը նույնպես հավակնոտ ծրագրեր ունի. «Ջանք չենք խնայում և միայն լավ արդյունքներ ենք սպասում: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եմ միայն չեմպիոն դառնալու մտադրությամբ: Սպորտում նպատակս մեկն է՝ հաղթել, զբաղեցնել առաջին տեղը»:
Պատանեկան ընտրանու գլխավոր մարզիչ Երվանդ Կիրակոսյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնության նախապատրաստական շրջանը հագեցած է եղել ուսումնամարզական հավաքներով. «Նոյեմբերի 6-ից սկսել ենք հավաքներ անցկացնել: Ակնկալում ենք, որ նախապատրաստական շրջանն արդյունավետ կլինի։ Բոլոր ծանրորդներից սպասելիքներ ունենք և ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը կատարած աշխատանքի դիմաց արժանի արդյունքի հասնի՝ մեդալների տեսքով»,- ասում է մարզիչը:
Երվանդ Կիրակոսյանը նկատում է, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ. «Կարելի է ասել՝ յուրաքանչյուր մրցաշարից հետո շատանում է ծանրամարտով զբաղվել ցանկացող երեխաների թիվը: Նոր սերնդին ոգևորում են մեծահասակների հաջողությունները: Այս տղաները մեծ ոգևորությամբ են մասնակցում մրցումներին, ձգտում են Սիմոն Մարտիրոսյանի և մյուսների նման մեդալներ նվաճել: Սա շատ ուրախալի է. այս նպատակասլացությունն ու ոգևորվածությունը կբերի ցանկալի արդյունքի»:
Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցելու են Գարիկ Ոսկանյանը (49 կգ), Ռաֆիկ Մինասյանը (55 կգ), Ֆելիքս Գևորգյանը (67 կգ), Ալեքսանդր Լազարյանը (89 կգ) և Ալբերտ Թումասյանը (+102 կգ): Մինչև 17 տարեկանների խմբում մեդալների համար կպայքարեն Գառնիկ Չոլակյանը (49 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Արա Պողոսյանը (61 կգ), Սուրեն Գրիգորյանը (73 կգ), Վաչե Կոստանյանը (81 կգ), Հարություն Գրիգորյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Էդուարդ Մխոյանը (102 կգ):
Աղջիկների թիմը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Էյլաթում մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում հանդես են գալու Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ), Էմմա Պողոսյանը (76 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ): Մինչև 17 տարեկանների մրցաշարում ևս կունենանք 4 ներկայացուցիչ՝ Մարիամ Միքայելյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Մարգարիտա Առաքելյանը (81 կգ) և Լինա Գյուրջյանը (+81 կգ):