ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձի փոխանակման եռօրյա դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար՝ «Թանգարանների կառավարում և ղեկավարում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով:
Դասընթացի նպատակն էր միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման արդյունքում սինթեզել ՀՀ մշակութային կազմակերպությունները ղեկավարելու և առաջնորդելու ավելի ժամանակակից, ռեսուրսներ խնայող և արդյունավետ գործիքներ, ունենալ մեր թանգարանների կամ մշակութային կազմակերպությունների զարգացման ուրույն տեսլական:
Դասընթացն անցկացվել է Հայաստանի պատմության թանգարանում, նոյեմբերի 23-25-ը: Մասնակցել են ավելի քան 35 աշխատակից՝ հայաստանյան, Արցախի և Ջավախքի թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, փորձագետներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարևորել է մշակութային կազմակերպությունների կադրային վերապատրաստումների դերը աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում և ոգևորիչ համարել այն հանգամանքը, որ դասընթացներին մասնակցել են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետները:
«Դասընթացը պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների համագործակցության լավագույն օրինակ է: Վստահ եմ՝ եռօրյա դասընթացը գիտելիքների, գործընկերների հետ շփվելու և նոր կապեր հաստատելու ակտիվ գործընթաց է լինելու, և առաջիկայում արդյունքները կտեսնենք նաև գործնականում».- ասել է նախարարի տեղակալը:
Դասընթացի կայացմանն աջակցել են Հայաստանի պատմության թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող, Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրերը:
Դասընթացի փորձագետներն էին Մեծ Բրիտանիայի Թայն և Վեըր քաղաքների արխիվների և թանգարանների տնօրեն Իըն Վաթսոնը և Լոնդոնի Հորնիման թանգարանն ու այգիները 25 տարի ղեկավարած, թանգարանների ազատ փորձագետ Ջենեթ Վիթմայերը: Դասախոսությամբ հանդես են եկել նաև թանգարանների տնօրեններ, դասախոսներ, թանգարանագետներ: Անդրադարձ է կատարվել «ՀՀ թանգարանների զարգացման հեռանկարներ», «Թանգարանները որպես համագործակցության հարթակ», «Կառուցվածքային փոփոխությունների փորձի ուսումնասիրություն», «Առաջնորդության/ղեկավարման փոփոխությունը ժամանակի ընթացքում» և այլ թեմաների:
Դասընթացն անցկացվել է տեսական և գործնական աշխատանքի ակտիվ մթնոլորտում: Դասախոսություններին հետևել են գործնական՝ անհատական և խմբային աշխատանքներ, գործոնների վերլուծություն, հարց ու պատասխան, հմտություններ զարգացնող վարժություններ և այլն:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: