Նոյեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների «Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն Աբգարյան քույրերի հայկական ասեղնագործության տարբեր դպրոցները ներկայացնող աշխատանքները:

Անժելա և Անահիտ Աբգարյանները հայկական ասեղնագործության, գորգագործության ու կարպետագործության ավանդույթներին ծանոթացել և սովորել են դեռ մանկուց: Տարիներ շարունակ զբաղվել են հայկական ասեղնագործության տարբեր դարաշրջանների դպրոցների ուսումնասիրությամբ և վերծանմամբ: Ուսումնասիրություններ իրականացնելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` միջնադարյան հայկական ձեռագրերի կազմաստառներից վերծանել են հայկական ասեղնագործության հնագույն նմուշները:

Աբգարյան քույրերի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հալեպում և Իրանում: Բազմաթիվ գործեր գտնվում են Հայաստանի թանգարաններում, եվրոպական երկրների մասնավոր հավաքածուներում: Իրենց գործունեության ընթացքում հայկական ասեղնագործության ավանդույթները փոխանցել են շուրջ 3000 սաների:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 3-ը:

Մուտքն ազատ է: