Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ մրցումները:

Տղաների մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Ստեփանակերտի №11 ավագ դպրոցի, Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի և Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմերը: Առաջին տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի №11 ավագ դպրոցը, երկրորդ մրցանակին արժանացել են Նորաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը:

Աղջիկների մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են Լոռու մարզի Վանաձորի №11 ավագ դպրոցի, Արցախի Քարին տակի միջնակարգ դպրոցի, Գեղարքունիքի մարզի Գավառի №2 միջնակարգ դպրոցի և Արարատի մարզի թիմերը: Առաջին մրցանակակիր է դարձել Վանաձորի №11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղում Քարին տակի դպրոցի թիմն է, երրորդում՝ Գավառի №2 միջնակարգ դպրոցը:

Մրցումներն անցկացվել են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցանակակիրները ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր: