Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեք օր Երևանում գրքի իսկական տոն էր. գրքի ցուցահանդես-տոնավաճառ մինչև 40% զեղչով, շնորհանդեսներ, վարպետության դասեր, բանախոսություններ, քննարկումներ, ընթերցումներ ու համերգներ:

Երևանի գրքի տոնը ամփոփվեց գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնը հայտարարել էր մրցույթ հետևյալ անվանակարգերում.

  • Արձակ (երկու մրցանակ)
  • Պոեզիա (երկու մրցանակ)
  • Դրամատուրգիա (երկու մրցանակ)

Մասնակցության հայտ կարող էին ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման: Գրքի երևանյան փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղ զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգում հայտ ներկայացնել չէին կարող:

Մրցույթին պետք էր ներկայացնել՝

  • երեք պատմվածք (էսսե) կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 30 էջ)` «Արձակ» անվանակարգի համար,
  • տասնհինգ բանաստեղծություն՝ «Պոեզիա» անվանակարգի համար,
  • մեկ պիես՝ «Դրամատուրգիա» անվանակարգի համար:

Մասնագիտական ժյուրին ստեղծագործությունները գնահատել է՝ հաշվի առնելով գործի
- ժանրային իրացումը
- կառուցվածքը
- լեզուն և ոճը
- գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը
- նորարարությունը

Մասնագիտական ժյուրիի կազմում էին.

  • Ալեքսանդր Թոփչյան
  • Դավիթ Մուրադյան
  • Ալվարդ Սեմիրջյան
  • Դավիթ Հարությունյան
  • Քրիստինե Հովհաննիսյան
  • Տիգրան Պասկևիչյան
  • Տիգրան Սիմյան

Փառատոնը ստացել է 87 հայտ:

Եվ այսպես՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի գրական մրցույթի «Պոեզիա» անվանակարգում «Առաջին մրցանակ»-ի են արժանացել Արփի Ոսկանյանը և Անահիտ Հայրապետյանը, «Արձակ» անվանակարգում՝ Անուշ Սարգսյանը և Աննա Դավթյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում՝ Արմենուհի Սիսյանը և Արշակ Սեմիրջյանը։ Մրցութային 3 անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգև, յուրաքանչյուրը՝ 400 հազարական դրամ:

Եթե 2020 թվականի ընթացքում հեղինակները հաղթած գործերը չհրատարակեն, Գրքի երևանյան փառատոնը իրավունք ունի դրանք ամբողջությամբ հրապարակելու: Այս մրցույթը կարևոր և տարբերվող է նրանով, որ այն հենց գրողի՛ն է հնարավորություն տալիս ներկայանալ, հաղթել և հետո միայն ընտրել իր հրատարակչին։

Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման երաժշտական ակորդը դասական և ջազային էր․ ելույթ ունեցան «Հովեր» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը։

Գրքի երևանյան երրորդ փառատոնն առանձնացավ այցելուների աննախադեպ մեծ քանակով, մասնակից գրահրատարակիչների թվով՝ 37, ինչպես նաև միջոցառումների քանակով․ տեղի ունեցան գործնական աշխատարաններ գրահրատարակչական ոլորտի ներկայացուցիչների համար, կայացան քննարկումներ և բանախոսություններ հատուկ հյուրերի մասնակցությամբ։ Տեղի ունեցան քննարկումներ տպագիր գրքի ճակատագրի, հայկական կոմիքսի արդի խնդիրների, մանկական գրականության և այլ թեմաներով։ Փառատոնի շրջանակում տեղի ունեցան ավելի քան տասնհինգ նոր հրատարակությունների շնորհանդեսներ։

Գրքի երևանյան երրորդ փառատոնը նաև ֆլեշմոբ էր հայտարարել #Քաղաքըկարդումէ կարգախոսով, որին միացան տասնյակ կազմակերպություններ, մշակութային, կրթական հաստատություններ, թանգարաններ, թատրոններ, գրադարաններ, երաժիշտներ, մշակույթի գործիչներ, քաղաքացիներ։

Գրքի երևանյան երրորդ փառատոնի կազմակերպիչն էր «Մշակութային հասարակություն» ՀԿ-ն՝ աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության։ Փառատոնի գործընկերներն էին «ՀԲԸՄ Հայաստան»-ը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Ոսկեվազ» գինիները, «Teatone Հայաստան»-ը։