ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը։

Հոբելյանական համերգին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի գործիչներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին և նշել, որ 80 տարի անց նրա թողած ժառանգությունն արդեն ժողովրդի սեփականությունն է։

«Ձեր ստեղծագործությունները անտեսանելի թելերով բոլորիս կապում են իրար և դարձնում մեկ ամբողջություն, մեկ ինքնություն, մեկ մարմին, մեկ ժողովուրդ».- ասել է վարչապետը։

ՀՀ վարչապետի միջնորդությամբ Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում մեծ վաստակի համար պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտորին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, որում մասնավորապես նշված է. «Մեծ է Ձեր ներդրումը հայ երաժշտական կյանքի զարգացման միջազգայնացման գործում, իսկ Ձեր նախագահության տարիներին Հայաստանի կոմպոզիտորների միության իրականացրած ծրագրերը նոր խթան են հաղորդել մեր մշակութային անցուդարձին՝ նպաստելով երիտասարդ սերնդի երաժիշտների ինքնադրսևորման նորանոր հարթակների ձևավորմանը»: Համերգին ելույթով հանդես են եկել Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Հնչել են ամիրխանյանական սիրված մեղեդիներ, այդ թվում՝ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր» և այլ ստեղծագործություններ: Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար հնչել են առաջին անգամ: Համերգային ծրագիրը կշարունակվի նաև նոյեմբերի 25-ին՝ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. այն կկրի «Տարիների սիրված մեղեդիներ» խորագիրը։