Նոյեմբերի 20-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի է ունեցել «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի 2-րդ փուլը եզրափակող հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ազդարարվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանի սկիզբը` համապատասխան ցուցանակի բացմամբ:

Միջոցառման ընթացքում հանձնվել են նաև կոմպետենցիոն ուսուցման 2-րդ փուլի վերապատրաստումն ավարտող տնօրենների և ուսուցիչների վկայագրերը:

Նոյեմբերի 23-ին «Մասնակցային դպրոցի» փորձնական կարգավիճակ կշնորհվի նաև Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցին:

ՀՀ ԿԳՄՍՆ, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության, Կրթական քաղաքացիական նախաձեռնության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից ձևավորված հայ-գերմանական փորձագիտական խմբի օգնությամբ վերապատրաստվել են Երևան քաղաքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների 18 տնօրեններ և 18 ուսուցիչներ` ձեռք բերելով գիտելիքներ և հմտություններ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված ուսուցման ու գնահատման, կրթության բովանդակության, բազմակարծիք ու մասնակցային դպրոցական մշակույթի վերաբերյալ՝ միջանկյալ փուլում անցկացնելով տասնյակ փորձնական դասեր: