Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարին մասնակցել են 14 բուհերի ուսանողներ:

Տղաների պայքարում առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից Դավիթ Վարդանյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից Էդուարդ Անտոնյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նույն բուհից Գևորգ Բեգլարյանը:

Աղջիկների պայքարում լավագույնը եղել է Էլեն Բախչաջյանը՝ Երևանի պետական համալսարանից, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Վանաձորի պետական համալասարանի ուսանողուհիներ Մերի Հովհաննիսյանը և Միլենա Ասոյանը:

Տղաների թիմային պայքարում լավագույն արդյունքը գրանցել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները: Երկրորդ տեղում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն է, երրորդում՝ ԵՊՀ-ն:

Աղջիկների պայքարում թիմային հաշվարկով լավագույնը եղել են Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհիները: Երկրորդ մրցանակակիրը ԵՊՀ-ն է, երրորդը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Մրցանակակիրները ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր: