Նոյեմբերի 22-ին 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կազմակերպած համաժողովի նպատակն է նպաստել տեղական և միազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը, խթանել երիտասարդների շարժունակությունը և նրանց մասնակից դարձնել նախարարության երիտասարդական ծրագրերի մշակման գործընթացին:

Համաժողովին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորել է համաժողովի անցկացումը. «Տեղական և միջազգային համագործակցությունը շատ կարևոր է պետական համակարգի և հասարակական հատվածի համար: Երբ համագործակցությունը ստացվում է՝ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Պետական կառույցների հետ գործակցությունը պետք է լինի համապարփակ, ընդգրկուն, բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան զարգացման հասնելու գործում: Երիտասարդական քաղաքականությունն այսօր Հայաստանում սաղմնային վիճակում է: Նախարարությունը քայլեր է իրականացնում ոլորտը կանոնակարգելու և հստակեցնելու համար»,- ասել է Գ. Լոռեցյանը:

Ոլորտի լավագույն փորձագետները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են Հայաստանում երիտասարդական աշխատանքը, երիտասարդական պետական և տեղական (համայնքային) քաղաքականությունն ու ծրագրերը, «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի գործունեությունը, իրականացվող ծրագրերը:

Համաժողովի մասնակիցների առաջարկները և բարձրացրած հարցերը փորձագետներն ամփոփելու են և ներկայացնեն ԿԳՄՍՆ՝ նախարարության հետագա երիտասարդական ծրագրերի մշակման ընթացքում հաշվի առնելու նպատակով: