«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն:

Մերիդյան էքսպո-կենտրոնում այսօր Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 800 աշխատանքներին, որոնք արտացոլում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի 21 երկրի 6-18 տարեկան պատանի ստեղծագործողների սարյանական գույների ընկալումները:

«Համահայկական մրցույթ փառատոնը շատ լավ հնարավորություն է` տարբեր երկրներում ապրող հայ երեխաներին արվեստի միջոցով Հայաստանի հետ կապելու, մեր տաղանդներին հայրենիք բերելու համար: Շատ լավ է, որ տարբեր երկրների ներգրավածությունը մեծ է, բայց պետք է մտածենք մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնելու մասին` կազմակերպչական աշխատանքներում ներգրավելով նաև Արտաքին գործերի նախարարությանը և Սփյուռքի հանձնակատար գրասենյակին»,- իր խոսքում նշել է նախարարը:

Սարյանին նվիրված վարպետության դասը վարել են Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը և դասավանդող-նկարիչ Գայանե Վարդանյանը: Դասին մասնակցել են Երևանի հանրակրթական և հատուկ դպրոցների, ինչպես նաև միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների սովորողներ, որոնք նաև տեղում գունանկարներ են նկարել :

Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը նշել է, որ արվեստի դպրոցներն առանձնանում են իրենց ստեղծագործական ոճով. «Այս տարվա ցուցադրության մեջ ես լուրջ առաջընթաց եմ համարում մարզերի բարձրակարգ ներկայացվածությունը` ես իսկապես հիացած եմ մարզի երեխաների գործերով»,- նշել է նա:

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի այս տարվա առանձնահատկություններից է նաև հանրակրթական դպրոցների աննախադեպ ակտիվությունը` ցուցահանդեսում, բացի արվեստի դպրոցի սաներից, ներկայացված են Երևանի և մարզերի ավելի քան 50 հանրակրթական դպրոցների սովորողների ստեղծագործություններ:

Փառատոնը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ։ Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է 20-րդ դարի հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:

Առաջին փուլում ներկայացված 2000-ից ավելի աշխատանքից ընտրվել է մոտ 800-ը, որոնք այժմ ներկայացված են ցուցահանդեսում: Երկրորդ փուլի հաղթողները կընտրվեն արդեն ցուցադրված աշխատանքներից: