2019 թվականին լրանում է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակը:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն կնշանավորի նաև Էդուարդ Թադևոսյանի` քառյակի կազմում գործունեության 50-ամյակը, ինչպես նաև Ալեքսանդր Կոսեմյանի` քառյակում աշխատանքի 30-ամյակը:
Հոբելյանական համերգի
ընթացքում կատարումներով հանդես կգան հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ՝ երգչուհի Իրինա Զաքյանը, «Խաչատրյան» տրիոն, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին` իր քառյակի հետ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Քառյակը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում էկրանին կցուցադրվի տեսաշար` քառյակի գործունեության պատմության` հիմնադիր կազմի, նրան միջազգային ճանաչում բերած կազմերի, վերջին տարիների ձեռքբերումների մասին: Կցուցադրվեն նաև շնորհավորական տեսաուղերձներ
: