• Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք, որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը կրթությունն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան և Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել են այդ բանաձևը:

  • Պատերազմների և զինված հակամարտությունների պատճառով ոտնահարվել են շատերի հիմնարար իրավունքները։ Ցավոք, մեր տարածաշրջանն այդ առումով բացառություն չէ։ Մենք միացյալ հանձնառություն ունենք Կայուն զարգացման նպատակների 2030թ համատեքստում, որը խոստանում է՝ ոչ ոք չի անտեսվելու, և նպատակին հասնելու մեր քայլերը պետք է համահունչ լինեն այս տրամաբանությանը։ Արցախի ժողովուրդն ունի քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ազատ զարգացման անքակտելի իրավունք, և Հայաստանն աջակցում է Արցախի ժողովրդին։

  • Հայաստանի կառավարությունը կրթության բնագավառում կարևորում է նաև նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։ Բոլորովին վերջերս Հայաստանում անցկացվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT)։ Մեր երկրում գործող մի շարք կազմակերպություններ լուրջ հաջողություններ են արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։

  • Լինելով տարբեր քաղաքակրթությունների կենտրոնում՝ Հայաստանը խորն արմատավորված ավանդույթներ ունի համակեցության և մյուսների մշակույթն ու կրոնը հարգելու առումով: Սա է պատճառը, որ Հայաստանը պահպանում է իր հարուստ մշակութային ժառանգությունը, որն ընդգրկում է, օրինակ, հելլենիստական շրջանի տաճար, տարբեր քրիստոնեական ուղղությունների հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի իրանական մզկիթ և աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։

  • Դժբախտաբար, նույնիսկ խաղաղ պայմաններում էթնիկական կամ կրոնական անհանդուրժողականության պատճառով մշակութային ժառանգության շատ արժեքներ են ոչնչացվել։ Այդպիսի արժեքներից են Ջուղայի միջնադարյան խաչքարերը Նախիջևանում, որոնք իմ ժողովրդի մշակութային ժառանգության մի մասն են։

  • Մեր օրերում, երբ ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը աննախադեպ աճ են գրանցել, պետք է ավելի քան գնահատենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արժեքների տարածման գործում։

  • Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը բացառապես խաղաղ ու ժողովրդավարական վերափոխում էր՝ հիմնված համամարդկային և ազգային արժեքների վրա։ Այն լավագույնս արտահայտում է միասնականությունը, խաղաղությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքների գերակայությունը։

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին յուրահատուկ առաքելություն է վերապահված, և մենք պատրաստ ենք ներդնել մեր գիտելիքներն ու նորարարական գաղափարներն այդ կարևոր նպատակներին հասնելու գործում։