ՀՀ ԿԳՄՍ նախարարը, իր ելույթում կարևորելով կրթության դերը փոխըմբռնման և հարգանքի խթանման, աղքատության հաղթահարման, գիտության զարգացման և առաջընթացի գործում, նշել է, որ այն կարող է օգտագործվել նաև սխալ նպատակների համար, որոնք դեմ են և չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի արժեքներին: Ավելին՝ այն կարող է օգտագործվել խտրականությունը, այլատյացությունը, ռասիզմը, հակասեմականությունը, իսլամոֆոբիան և նույնիսկ ցեղասպանության և պատերազմի հանցագործությունները հրահրելու կամ կանխարգելելու համար։ Նա փաստել է, որ այս հիմնախնդիրն առավել քան կարևոր է ծայրահեղականության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` միջազգային հանրության ներկայիս ջանքերի համատեքստում։
Նախարար Արայիկ Հարությունյանը նաև արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսական դերը կրթության միջոցով խաղաղություն սերմանելու և ծայրահեղականությունը կանխարգելելու գործում և ընդգծել, որ դպրոցը և այլ կրթական հաստատություններ այսօր կարող են գործիք ծառայել ատելություն սերմանելու համար՝ որպես օրինակ բերելով հարևան Ադրբեջանին, որտեղ դասագրքերում հայերը ներկայացվում են որպես իրենց գենետիկ թշնամիներ։
Նախարարն իր խոսքում նաև համոզմունք է հայտնել, որ կրթությունը նաև վահան է մարդու իրավունքների ոտնահարման, մարդկության հանդեպ ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը՝ կրթության միջոցով նպաստելու միջմշակութային, միջկրոնական և ազգամիջյան երկխոսությանը։