Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Շարժայի գրքի միջազգային տոնավաճառին:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության կազմում էին՝ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, «GSM» ստուդիան և «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ն:

Տոնավաճառին ներկայացվել է վերը նշված հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած հայերեն, անգլերեն գրքերը՝ Հայաստանի մասին, մանկապատանեկան գրականություն՝ Թումանյանի հեքիաթները, ինչպես նաև այլ հեղինակների հեքիաթներ, պատմվածքներ, ուսուցողական գրքեր:

Ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում օտարազգի գրքոլորտի ներկայացուցիչներին ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը (որով նախարարությունն աջակցում է արտերկրի հրատարակչություններին՝ հայ դասական և ժամանակակից գրականություն հրատարակելու համար):

Տոնավաճառի շրջանակում Ազգային մանկական գրադարանի տնօրեն, «IBBY Հայաստան» ՀԿ-ի նախագահ Ռուզան Տոնոյանը հանդիպել է ԱՄԷ մանկապատանեկան գրականության հեղինակավոր հրատարակչության՝ «Կալիմաթ Գրուպ» հիմնադրամի մենեջեր Ամնա Ջումայի հետ՝ քննարկել հայ և արաբ մանկագիրների գրքերը երկու լեզուներով թարգմանելու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև նախանշել հեռանկարային այլ ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են ստեղծել հայերեն-արաբերեն երկլեզու գրքեր, ինչպես նաև իրականացնել հայ և արաբ հրատարակիչների փորձի փոխանակման ծրագրեր:

Ցուցահանդես-տոնավաճառի օրերին հայկական տաղավար են այցելել գրքոլորտի տարբեր մասնագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Հայկական պատվիրակությունը Շարժայի «Օհաննէսեան» հայկական վարժարանի տնօրեն Վարդուհի Փիլիպոսյանի գործուն աջակցությամբ կազմակերպել են դպրոցի սաների և ուսուցիչների այցը հայկական տաղավար, որտեղ երեխաներին ներկայացվել է հայ հրատարակիչների հրատարակած բազմաթիվ գրքեր: Նշենք, որ հայկական պատվիրակությունը տոնավաճառի ավարտից հետո՝ ցուցադրված ողջ գրականությունը կնվիրաբերի «Օհաննէսեան» հայկական վարժարանին: