Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի աջակցությամբ այսօր Հայաստանում Վրաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեն, Վրաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Լևոն Թաքթաքիշվիլին, Երևանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը, Լիտվայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիբանանի, Հնդկաստանի դեսպանները, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և հյուրընկալողներին, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի հաղորդակից լինել Վրաստանի մշակույթին:

Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեն իր խոսքում նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են և պետք է խորացնեն համագործակցությունը: Նա հատկապես կարևորել է հումանիտար գիտությունների զարգացման առանցքային կենտրոններ հանդիսացող Մատենադարանի և ԵՊՀ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 6-ին Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Մատենադարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր: