Բելառուսի Գոմել քաղաքում ավարտվել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպայի առաջնության հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին Հայաստանը ներկայացրել է լսողության խնդիր ունեցող 5 մարզիկ։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Հունահռոմեական ոճում Սարգիս Սարգսյանը (55 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (87 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Ժորա Գրիգորյանը (67 կգ) զբաղեցրել է երրորդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Սենիկ Սերոբյանը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցել է նաև Արգիշտի Բաբայանը (հունահռոմեական ոճ՝ 72 կգ, ազատ ոճ՝ 74 կգ):