Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում այսօր մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը: Միջոցառումն անցկացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 2018-2020 թթ. մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին» ծրագրի շրջանակում։ Աշխաբադում է հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի գլխավորությամբ:

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում համերգներով հանդես կգան «Շողակն» ժողովրդական համույթը և Հայաստանի կամերային երգչախումբը: Տեղի կունենա ինտերակտիվ ցուցադրություն` հայկական ավանդական գորգագործության թեմայով, կներկայացվի նաև հայկական տարազը, կլինի դասախոսություն: Միջոցառումների շրջանակում կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր: Կլինեն վարպետության դասեր, փորձի փոխանակում։

Կներկայացվեն Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուի կտավների լատեքսային տպագրությունները (Մարտիրոս Սարյան, Գրիգոր Խանջյան, Մինաս Ավետիսյան, Սեդրակ Առաքելյան, Խաչատուր Եսայան, Մհեր Աբեղյան, Աշոտ Մելքոնյան, Մարիամ Ասլամազյան, Հովհաննես Զարդարյան, Փարավոն Միրզոյան, Արմինե Կալենց):