Նոյեմբերի 1-8-ը հայտարարվում է մեդիագրագիտության շաբաթ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: Այդ առիթով այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանի, Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Բանախոսներն անդրադարձել են մեդիագրագիտության կարևորությանը և ներկայացրել շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ մեդիա կրթությունը ժամանակի հրամայական է. «Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք լսում, կարդում ու վերլուծում, այսինքն` ինչպիսի տեղեկատվություն ենք ստանում ու տարածում: Դա կարող է լինել ցանկացած բնույթի ինֆորմացիա` սկսած տեղեկատվական հոդվածից, մինչև սոցցանցից ստացած ինչ-որ չճշտված լուր»,- ասել է փոխնախարարը: Նրա խոսքով` այժմ ընթանում է հանրակրթության պետական չափորոշիչի մշակումը, որտեղ սահմանվելու են սովորողի առանցքային գիտելիքների և հմտությունների պահանջները. «Մեզ համար առանցքային է մեդիագրագիտության բաղադրիչը բերել դպրոց` այն ներառելով տարբեր առարկաների կրթական ծրագրերում, որպես ինտեգրված թեմա»,- նշել է Լ. Առաքելյանը և հավելել, որ այդ թեմայի վերաբերյալ նախատեսվում են հանրային քննարկումներ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացրել է Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի հետ համատեղ իրականացված հետազոտության տվյալները. Հայաստանում մարդկանց 34 տոկոսը երբեք չի ստուգում ինֆորմացիան, 11 տոկոսը հիմնականում ստուգում է: Իսկ ինչպես են ստուգում` հարցվածների 32 տոկոսը ինֆորմացիան ճշտում է որոնողական համակարգի` Google միջոցով, 26 տոկոսն առանձնացնում է վստահելի կայքեր և օգտվում է դրանցից, 23 տոկոսը ինֆորմացիան ճշտում է` հարցնելով ծանոթներին և ընկերներին: «Իմ կարծիքով իրավիճակն այնքան էլ վատ չէ, սակայն, ինֆորմացիոն և թվային մեր ժամանակշրջանում, երբ կա հանրային դժգոհություն, թե սոցիալական ցանցերում և համացանցում հաճախ տարածվում է չստուգված ինֆորմացիա, լավ կլինի, որ մեդիագրագիտության ցուցանիշներն արտացոլող այս տոկոսները բարձրանան»,-նշել է Նունե Սարգսյանը` ավելացնելով, որ մեդիագրագիտության տարածման առաջնային օղակը կրթության ոլորտն է:

«Մեդիագրագիտության շեշտը մեզ համար քննադատական վերլուծությունն է, բայց այն իր մեջ ներառում է նաև համացանցից ճիշտ օգտվելու կանոնները, կեղծ լուրեր չտարածելը, անձնական տվյալների հանդեպ զգուշությունը և այլն»,-պարզաբանել է Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

Նշենք, որ մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում դպրոցներում, գրադարաններում, կրթական կենտրոններում և օնլայն հարթակներում ակտիվորեն քննարկվելու են մեդիայից գրագետ օգտվելու սկզբունքներն ու կաննոները։ Դպրոցներում այդ օրերին կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով դասեր, կլինեն դիտումներ ու քննարկումներ:

Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներն են`

նոյեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Լոֆթ սրճարանում ուսուցիչների համար նոր ձեռնարկների շնորհանդես,
նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում խաղ-դասընթաց` պատանիների համար,
ՄՆԿ աջակցությամբ մարզերում գործող մեդիագրագիտության դպրոցական խմբակների աշակերտները կայցելեն Հանրային ռադիո և հեռուստաընկերություն՝ ներսից տեսնելու մեդիայի աշխատանքը,
մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #MILWEEKARM19, #եսմեդիագրագետեմ հեշթեգերի ուղեկցությամբ։ Իսկ Երևանի մարդաշատ վայրերում քաղաքացիները կարող են լուսանկարվել ինտերակտիվ թեմատիկ գրաֆիտիների հետ՝ «Դու այն ես, ինչ տարածում ես /կարդում ես/ դիտում ես/ լսում ես» կարգախոսներով։

Մեդիագրագիտության միջազգային շարժումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։