Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանի և չինական գրականության թարգմանությունների և ուսումնասիրությունների աջակցության կազմակերպության (CCTTSS) հրավերով, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը 2019 թ. հոկտեմբերի 27-30-ը աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր (Պեկին)` մասնակցելու հայ-չինական միջազգային թարգմանչական և զարգացման համաժողովին, ինչպես նաև ստորագրելու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային մամուլի և հրատարակության կառավարչության միջև «Չինաստանի և Հայաստանի նշանավոր աշխատանքների թարգմանության և հրատարակման նախագծի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:
Գործուղման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` մշակույթի, հրատարակչական գործի փոխանակման և համագործակցության ուղղությամբ: Պայմանավորվածության համաձայն` Չինական մշակույթի թարգմանության և ուսումնասիրությունների աջակցության ցանցը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանձնում են չինական և հայկական դասական, մանկական, ճանաչողական գրականության թարգմանության և հրատարակման, միմյանց երկրներում տարածման և հանրայնացման աշխատանքները: Չինաստանը` լինելով Ասիական դասականների թարգմանության ծրագրի անդամ, մշակութային նոր կապերի հաստատելու ջատագով է: Չինական կողմի առաջարկով կստեղծվի քաղաքակրթությունների հարթակ՝ մշակույթների ուսումնասիրման, փոխանակման և փոխճանաչելիության համար: Առաջիկա 5 տարիներին կողմերը ակտիվորեն կիրարկանացնեն այս նպատակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի ակադեմիական ուսումնասիրությունների, կրթության և փոխճանաչելիության համար:
Մեծ ուշադրություն կդարձվի մանկական գրականության թարգմանության և միմյանց երկրներում տարածման ուղղությամբ: Կմշակվի գրադարանային համագործակցության ծրագիր: Հայկական կողմը առաջարկել է մանկական գրականության հրատարակման ժամանակ ներգրավել երկու երկրների երեխաներին` նրանց վստահելով գրքերի փոխադարձ նկարազարդումները: