Հայաստանում առաջին անգամ պետական մակարդակով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը: Առաջարկվող ֆինանսավորման նոր բանաձևով, ըստ աշխատավարձի հաշվարկի գործակիցների, ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի առնվազն 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ): Դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ, արդարացի բաշխման և դպրոցների ֆինանսավորման ու ուսուցիչների վարձատրության հետ կապված տարիներով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում, այն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 1-ից և կդառնա իրավական երաշխիք, որ այսուհետ մեկ դրույք ( շաբաթական 22 դասաժամ) պարապող որևէ ուսուցիչ սահմանված չափից ցածր չի վարձատրվի:
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այժմ դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևով ուսումնական հաստատություններին հատկացվող գումարն ուղղակիորեն կախված է սովորողների թվից. «Այս մոտեցումը որդեգրվել է 2001 թվականից` նպատակ ունենալով խթանել մրցակցությունը դպրոցների միջև: Սակայն, բազմաթիվ դպրոցներ, որոնք համայնքում միակն են, և դրանցում սովորողների քանակը պայմանավորված է տվյալ համայնքի բնակիչների թվով, չեն կարող մրցակցել խոշոր համայնքների ուսումնական հաստատությունների հետ: Իրականությունն այն է, որ փոքր դպրոցներին հատկացվող գումարները չեն բավարարում նվազագույն ծախսերի համար, և այս իրողությունից ելնելով, տարիներ շարունակ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը փոքրաթիվ համակազմով դպրոցների համար բյուջետային միջոցների վերաբաշխում են կատարել: Այսինքն` այն գումարները, որոնք կուտակվում էին մեծ դպրոցներում, վերաբաշխման միջոցով հատկացվում էին փոքրերին, որպեսզի կարողանան ապահովել նաև այդ դպրոցների բնականոն աշխատանքը»,-կառավարության նիստում զեկուցել է նախարարը: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` նոր բանաձևով, բացի աշակերտների թվից, փոքր` թերհամալրված համակազմով դպրոցների համար հաշվի է առնվելու նաև դասարանների թիվը, որով պայմանավորված է ծախսերի հիմնական մաս կազմող ուսուցիչների վարձատրությունը: Ըստ այդմ` թերհամալրված են համարվում տարրական դպրոցում մինչև 72, հիմնական դպրոցում մինչև 162, միջնակարգ դպրոցում մինչև 207, վարժարաններում ու ավագ դպրոցներում մինչև 135 աշակերտ ունեցող հաստատությունները: Մեծ համակազմ ունեցող դպրոցների ֆինանսավորումը կիրականացվի նախկին սկզբունքով:
Ամենակարևոր փոփոխությունը դպրոցի ֆինանսավորման բանաձևում այն է, որ սահմանվում է ուսուցչի երաշխավորված նվազագույն աշխատավարձ` անկախ սովորողների թվից: Նախարարի խոսքով` հունվարի 1-ից կսահմանվի նվազագույն աշխատավարձի շեմ, որն այս պահի հաշվարկներով կազմում է առնվազն 108 հազար դրամ` մեկ դրույքի համար, սակայն բյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ մինչև 125 հազար դրամի: Ամեն տարի 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում ունենալու դեպքում` 4 տարի անց ուսուցչի աշխատավարձի հարաբերակցությունը մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի հաշվով էականորեն կբարելավվի: Առաջարկվել է նաև դպրոցի ֆինանսավորման բանաձևից հանել դասագրքերի արժեքի փոխհատուցման և կրտսեր դպրոցի սննդի համար նախատեսված գումարները, քանի որ պետական բյուջեով այդ նպատակների համար առանձին հատկացումներ են արվում:
Անդրադառնալով որոշմանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության համակարգում մենաշնորհների ձևավորումն ընդունելի չէ, և առաջնային խնդիր է ֆինանսական միջոցների համաչափ բաշխումը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Նշենք նաև, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի սահմանումը չի նշանակում, թե որևէ ուսուցչի աշխատավարձ կնվազի: Այն դպրոցներում, որտեղ ուսուցիչները մինչ այժմ ստացել են ավելի բարձր աշխատավարձ, կշարունակեն վարձատրվել բարձր գործակիցներով: Աշակերտների թվով կամ այլ հանգամանքներով պայմանավորված մինչ այս ավելի ցածր վարձատրվող մանկավարժները ռեֆորմի արդյունքում կունենան աշխատավարձի երաշխավորված բարձրացում: