ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի նախաձեռնությամբ սկսվել են տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների, սպորտային կազմակերպությունների և շահագրգիռ անձանց հետ հանդիպում-քննարկումներ:

Հոկտեմբերի 29-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը հանդիպել է մարզադպորցի տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի, ֆեդերացիայի ներկայացուցիչների, մարզիչների հետ:

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են Հայաստանում սամբոյի զարգացման և մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել են մարզաձևի հիմնախնդիրներին, դրանց լուծմանն ուղղված ծրագրերին և մեթոդներին: Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան:

Հարություն Եղոյանը նշել է, որ նախարարությունը կազմակերպչական և ընթացիկ բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ հնարավորինս արագ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, իսկ խորքային լուծումներ պահանջող հարցերի շուրջ կողմերը կունենան նոր քննարկումներ:

Առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հանդիպում-քննարկումներ կունենան նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչների հետ: